
ԱԱԾ հայտարարությունը. Մի խումբ զինված անձինք մտել են ՊՊԾ գնդի տարածք

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել այսօր՝ հուլիսի 17-ին Երեւանում կատարվող իրադարձությունների մասին։
«Այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց:
Միաժամանակ նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ տարածվող տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:
Պետական իշխանության մարմինները գործում են բնականոն ռեժիմով, իսկ իրավապահ մարմինները հավուր պատշաճի իրականացնում են օրենքով իրենց վերապահված հասարակական կարգի պահպանության և պետական անվտանգության ապահովման գործառույթները:
Զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար:
Հավաստիացնում ենք, որ ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ անօրինական գործողություն անհապաղ խափանվելու է իրավապահ մարմինների կողմից, իսկ դրանք կատարած անձինք վնասազերծվելու են և պատասխանատվություն են կրելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ասվում է հայտարարության մեջ: