Pokemon GO. հիթ դարձած խաղը կարելի է խաղալ նաև Հայաստանում
Nintendo, The Pokémon Company և Niantic ընկերությունների հեղինակած Pokemon GO խաղը թողարկումից կարճ ժամանակ անց դարձավ շատ մասսայական և սիրելի: Կարճ ժամանակում խաղը համարվեց այս ամռան լավագույնը: Ու չնայած խաղի հեղինակները նախատեսել էին թողարկել խաղը շատ քիչ երկրներում, ամբողջ աշխարհում գտան տարբերակ՝ խաղը բեռնելու և խաղալու համար:
Խաղալու համար iOS-ի օգտատերերը պետք է փոխեն իրենց Apple ID-ի տվյալները: Կարգավորումների բաժնից պետք է փոխել տարածաշրջանը և նշել Նոր Զելանդիա, ԱՄՆ կամ Ավստրալիա տարբերակները:
Android օպերացիոն համակարգի օգտատերերը պետք է պարզապես կարգավորումներում թույլ տան տեղադրել ֆայլեր անծանոթ աղբյուրներից:
Վերջին օրերին Հայաստանում այս խաղը շատ մեծ տարածում է գտել: Խաղը առաջատար է բեռնումների քանակով:
Առաջին հայացքից՝ թվում է, թե Pokemon GO-ն աննպատակ խաղ է՝ սարսափելի հերոսներով և էֆեկտներով, սակայն դա իրականում այդքան էլ այդպես չէ: Խաղը ստեղծում է վիրտուալ իրականություն: Խաղի ընթացքում պետք է քայլել կամ վազել ձեր քաղաքի ընդգծված հատվածում: Դրա համար պետք է օգտագործել սմարտֆոնի քարտեզը:
Տեղանքը որոշելու համար հավելվածն օգտագործում է Google Maps API-ն: Այս միջոցով կարող եք խաղալ խաղը նաև օֆլայն: Պետք է պարզապես բացել Google Maps-ը, պահպանել ձեր քաղաքի քարտեզը, և հավելվածը, անգամ առանց կապի առկայության, կօգտագործի պահպանված քարտեզը:
Շատերը դժգոհում են, որ խաղը շատ էներգիա է խլում: Այստեղ չկա զարմանալի բան, քանի որ խաղի ընթացքում միշտ միացված է էկրանը, քարտեզը, տեսախցիկը, և այլն: Որպեսզի խնայեք էներգիան, ակտիվացրեք Battery Saver ընդլայնումը: Այս դեպքում ընդլայնումն անջատում է այն գործառույթները, որոնք տվյալ պահին չեն օգտագործվում:
Պոկեմոնները, արդեն 20 տարի է, ինչ հայտնվել են աշխարհում: Այս ժամանակահատվածում մուլտֆիլմերի և խաղերի առեղծվածային հերոսներն այնքան են զարգացել, որ ստեղծել են սեփական օրենքներն ու կանոնները: Այդ իսկ պատճառով, եթե խաղում հանդիպեք երևույթի, որը դժվար է բացատրել տրամաբանությամբ, ապա մի ընկճվեք: Խաղում առկա են շատ յուրահատկություններ, որոնք հատուկ են միայն պոկեմոնների պայքարում:
Pokemon GO խաղում ընդգրկված են 174 հերոսներ, սակայն խաղի հեղինակները նշում են, որ հերոսների թիվը գնալով կավելանա: Նախատեսվում է, որ 2 տարվա ընթացքում խաղին մասնակից կդառնան պոկեմոնների բոլոր 721 տեսակները:
Սիրարփի Աղաբաբյան