Բաժիններ՝

Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորը ազատման դիմում է ներկայացրել

Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ ԿԳ նախարարություն: Ըստ գործող կարգի՝ ազատման հրամանը կլինի 3 աշխատանքային օրվա ընթացքում: Նոր ռեկտորի անունը, թեև դեռ պաշտոնապես չի հայտարարվում, սակայն արդեն իսկ ինչպես բուհում, այնպես էլ քաղաքում շրջանառվում է Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի պատասխանատու« Շիրակի մարզի կրթության« սպորտի ու երիտասարդության հա րցերով վարչության պետ Սահակ Մինասյանի անունը:

Իր ազատման դիմումի մասին խոսելով` Վարդևան Գրիգորյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է, որ պայմանավորված է ժամկետի լրանալու հետ: «Ըստ օրենքի՝ ինստիտուտի ռեկտորն իրավունք ունի ղեկավարելու բուհը 2 անընդմեջ հնգամյա ժամկետ՝ մինչև 65 տարեկանը: Հիմա իմ պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերին, բայց նույնիսկ ոչ թե երկրորդ, այլ կարելի է ասել երրորդ ժամկետն է լրանում՝ 14 տարի անընդմեջ ղեկավարման: Մտածեցի, որ ավելի լավ է մի քանի ամիս շուտ ազատման դիմում ներկայացնեմ ՝ հնարավորություն տալով նոր ռեկտորին, մինչև ուսումնական տարվա մեկնարկը, բուհի աշխատանքին ավելի լավ ծանոթանալու»,-նշեց Վարդևան Գրիգորյանը ՝ փաստելով, որ բուհը ինքը չի թողնի և կշարունակի դասախոսական աշխատանքը: «Հազար անգամ շնորհակալ եմ բուհին, որ անգնահատելի դեր է ունեցել իմ կյանքում: Եթե անհրաժեշտությունը զգացվի կլինեմ նոր ռեկտորի կողքին՝ իմ խորհուրդներով ու այս բուհը ղեկավարելու փորձով»,- նշեց Վարդևան Գրիգորյանը՝ հավելելով, որ բուհը ռեկտորինը չէ, այլ կոլեկտիվինը:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս