ՀՀ ԱԳՆ-ն ուշադիր հետևում է Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրությամբ հետևել Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է.
«Շարունակում ենք ուշադրությամբ հետևել Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին: Հարևան երկրում կայունությունը, կարգուկանունը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման վրա, կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար»:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հուլիսի 15-ի գիշերը հրաձգություն է սկսվել, քաղաքի վրայով ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները թռիչքներ են իրագործել, երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել։ Զոհվել է իշխանության 161 կողմնակից: Վիրավորների թիվն անցնում է 2000ից: Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարը հայտնել է, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 1563 զինվոր: Հեղաշրջման կողմնակից 104 մարդ բախումներում սպանվել է: