Շըրնաքում 309 զինվոր է ձերբակալվել
Թուրքիայում ռազմական հեղաշրջում իրականացնելու գործով ձերբակալությունները զինվորականության շրջանում շարունակվում են: Շըրնաք նահանգում 309 զինվոր է ձերբակալվել: Ինչպես հաղորդում է «Հուրիեթ» պարբերականը, ձերբակալվածների շարքում են երկու մայոր և երեք կապիտան:
Համացանցում հայտնվել են ձերբակալված զինվորների լուսանկարները, որտեղ երևում է, թե ինչպես են նրանք բոլորը կապված ձեռքերով նստել ժանդարմերիայի վարչության բակում:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար Ումիթ Դյունդարը նոր տվյալներ է հրապարակել հուլիսի 15-ի գիշերը ձեռնարկված հեղաշրջման ձախողված փորձի ժամանակ գրանցված զոհերի վերաբերյալ:
Աթաթուրքի օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը Դյունդարը հայտնել է, որ մինչ այս պահը եղած տվյալներով` զոհվել է իշխանության կողմնակից 41 ոստիկան, 2 զինվոր և 47 քաղաքացիական անձ: Վիրավորների թիվը 1154 է: Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարը հայտնել է, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 1563 զինվոր: Հեղաշրջման կողմնակից 104 մարդ բախումներում սպանվել է: