«Արցախը ոչ մեկի գրպանում դրված չի, որ վերցնեն ու նրանից ինչ-որ մի բան զիջեն, տան, փոխանակեն». Թևան Պողոսյան

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի դիտարկում Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված վերջին օրերի քննարկումների շուրջ.

1. Արցախը ոչ մեկի գրպանում դրված չի, որ վերցնեն ու նրանից ինչ-որ մի բան զիջեն, տան, փոխանակեն: Եթե որևէ բան լինի, կլինի միայն պատերազմով, իսկ այդտեղ մեղադրել կարող ենք միայն մեզ, որ չկարողացանք լավ կռվել ու նորից հաղթել: Արցախցին է իր հողի տերը: Դա նշանակում է ՀԱՅՆ է տերը, ու, վստահ եմ, որ ամբողջ հայությամբ էլ տեր ենք լինելու:

2. Տարբեր երկրների ԱԳ նախարարներ, դեսպաններ, միջնորդներ կգան ու կգնան: Առաջարկներ կանեն զանազան` ու միշտ իրենց երկրների շահերից ելնելով: Մեր նպատակն է, որ մենք մնանք ու չգնանք: Դա է մեր շահը, ու եկեք մենք մերն իրականացնելով զբաղվենք: Ու այս գործում ո՛չ լավրովների, ո՛չ ուորլիքների, ո՛չ էլ այլոց առաջարկները չեն կարող ազդել: Իրենք իրենցն են ցանկանում, մենք մերը պետք է առաջ տանենք:

3. «Երբեք չբանակցենք վախից դրդված, սակայն երբեք չվախենանք բանակցելուց»: Քենեդու այս խոսքերն իսկապես մեզ համար են: Հողեր պահելով՝ միշտ կբանակցենք անվախ, հանձնելուց հետո բանակցելու ենք վախից դրդված:

4. Մեր պատերազմը չի ավարտվել ո՛չ առաջնագծում, ո՛չ միջազգային հարթակներում, ու թե ով և ինչի համար պետք է մեզ թիրախավորի, այլևս կարևոր չի այնքանով, ինչքանով որ մենք պետք է պատրաստ լինենք այսօրվա թշնամիներին հաղթել: Այնպես որ, եկեք մեր շահերն առաջ տանելով ապրենք ու աշխատենք:

5. Դուխով»:

Տեսանյութեր

Լրահոս