Նիսի օդանավակայանը տարհանվել է
Նիսի օդանավակայանում ուղեբեռի ստացման գոտին տարհանվել է: Այս մասին տեղեկացնում է Independent պարբերականը:
Ականատեսները հայտնում են, որ շինության ներսում զինվորականներ են: CBCNews-ի թղթակից Թոմաս Դայգլը, դեպքի վայրից լուսանկարներ հրապարակելով, հայտնել է, որ տարհանման պատճառը օդանավակայանում թողնված փաթեթն է եղել:
Ավելի ուշ նա նոր գրառում է կատարել` տեղեկացնելով, որ իրադրությունը կարգավորվել է և ուղևորներին թույլատրում են մտնել օդանավակայան:
Նշենք, որ Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Տասնյակ մարդիկ վիրավոր են:
Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: Ոստիկանությունը ահաբեկչին սպանելուց հետո նրա բեռնատարում հայտնաբերել է ինքնության քարտ, որով հայտնի է դարձել, որ վարորդը թունիսցու ծագում ունեցող 31-ամյա Մուհամեդ Լահուաեջ Բուհլելն է, ով Ֆրանսիայի քաղաքացի է: