«Լիահույս եմ, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները նոր ընթացք կստանան». Սվիտալսկի
«ՀՀ-ԵՄ բանակցություններն ապագա շրջանակային համաձայնագրի շուրջ ինտենսիվ փուլ են մտել»,- այս մասին այսօր «Քաղաքացիական հասարակության դիտարկումները ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ» թեմայով քաղաքացիական հասարակության քննարկման ընթացքում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ բանակցություններին:
Նա նշեց, որ բանակցություններն ինտենսիվ փուլում են, որն ԱլԳ վերանայված քաղաքականության շրջանակում դրական ազդանշան է ապագայի համար: Սվիտալսկին ասաց, որ ԵՄ-ն, որի համար պետության ու հասարակության հզորությունն ու կայունությունը գերակայություն է, ցանկանում է, որպեսզի Հայաստանը տնտեսական, զբաղվածության աճ արձանագրի:
Բացի սրանից, Սվիտալսկու հավաստիացմամբ՝ ԵՄ-ի համար կարևոր առարկա է նաև ՀՀ-ի անվտանգության մարտահրավերները, որոնց ոլորտում ևս ԵՄ-ն իր աջակցությունը կարող է ցուցաբերել՝ սկսած կիբերանվտանգության ոլորտից: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարն ասաց, որ Հայաստանի օրինակով փորձում են ցույց տալ, որ հնարավոր է լինել ինտեգրացիոն մեկ այլ կառույցի անդամ և համագործակցել ԵՄ-ի հետ:
«Անում ենք հնարավորը, որպեսզի ՀՀ իշխանություններին, հասարակությանն ապացուցենք, որ դա հնարավոր է, ու այդ առնչությամբ տարաձայնություններ չկան: Լիահույս եմ, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները նոր ընթացք կստանան, և այն ազդակները, որոնք ստացվում են հասարակությունից, պաշտոնյաներից, հաշվի կառնվեն»,- ասաց դեսպանը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն տեսնում է՝ հասարակությունը ձգտում է ավելի մոտ լինել ԵՄ-ին: