«Ապրիլի 2-ից մեր տանկային բրիգադն արդեն գտնվում էր Թալիշում…». ապրիլյան դեպքերի մասին պատմում է զինվորը

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղից 2014 թվականին Հայոց բանակ զորակոչված Թաթուլ Կատվալյանը օրերս զորացրվել եւ տուն է վերադարձել պետական պարգեւով՝ «Դրաստամատ Կանայան» մեդալով: Ժամկետային զինծառայողը զորամասի հրամանատարության կողմից լավագույն ծառայության համար խրախուսվել է նաեւ շնորհակալագրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Թաթուլ Կատվալյանը, իր ծառայությունն անցել է Արցախում, Մարտակերտում տեղակայված զորամասի տանկային բրիգադում: Վեց ամիս նա ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում, ապա Արցախ մեկնել տանկի մեխանիկի մասնագիտությամբ:

«Ապրիլի 2-ից մեր տանկային բրիգադն արդեն գտնվում էր Թալիշում: Մինչեւ ապրիլի 10-ը գտնվել ենք երկրորդ գծում, ապրիլի տասից տեղափոխվել ենք առաջնագիծ եւ այնտեղ գտնվել մինչեւ հունիսի 1-ը: Առհահարակ, ամբողջ ապրիլի ընթացքում իրավիճակը մնում էր լարված, իսկ ապրիլի 24-ին եւ 27-ին երկու կողմից էլ աշխատում էր հրետանին, տեղի էին ունենում բախումներ, պատերազմական վիճակը պահպանվում էր: Բացի հրետանուց, թշնամին մեր ուղղությամբ կրակում էր նաեւ հրաձգային տարբեր զինատեսակներից: Մենք էլ համարժեք պատասխան էինք տալիս: Բարեբախտաբար, մեր վաշտն այդ ընթացքում զոհեր չտվեց, իսկ պատերազմական վիճակը հետզհետե խաղաղվեց: Հիմա ծնողներիս, հարազատներիս ուրախությունն անսահման է, որ ես ողջ ու առողջ տուն եմ վերադարձել Ապրիլյան կռվից ու ծառայությունս ավարտելուց հետո, բայց քիչ չեն ուրախացել նաեւ իմ մեդալով ու շնորհակալագրով»,- նշեց Հայոց բանակի արդեն նախկին տանկիստը:

Թաթուլը պետական պարգեւը համարում է պարտավորեցնող ու ոգեւորող եւ բարձրաձայնում է, որ ինքը միշտ պատրաստ կլինի հայրենիքի պաշտպանությանը, եթե թշնամին փորձի նորից հարձակվել:»Իմ մեծ եղբայր Արմանը զինվորական ծառայությունն անցկացրել է Արցախի Մարտունու սահմանամերձ զորամասում՝ պատվով պաշտպանելով հայրենիքի սահմանները: Հիմա մենք եղբայրներով մտածում ենք աշխատանք գտնելու, մեր ծնողների վիճակը թեթեւացնելու, նոր ընտանիքներ կազմելու մասին: Կուզենք, որ մեր հայրենիքը միշտ ապրի խաղաղ, իսկ եթե թշնամին նորից փորձ անի խախտել մեր սահմանները, ես իմ մասնագիտությամբ կլինեմ մեր հայրենիքի սահմանները պաշտպանողների կողքին»,- ասաց Թաթուլ Կատվալյանը:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս