«Ահաբեկիչը ծագումով Թունիսից է եղել, մոտ 35 տարեկան». Սարգիս Գրիգորյանը մանրամասներ է ներկայացնում Նիսի ահաբեկչությունից

«Սա նման է իսլամական ծայրահեղական խմբավորումների ահաբեկչական ձեռագրին, բայց դեռևս ոչ մի ծայրահեղական կառույցի կողմից հայտարարություն կամ ուղերձ չի եղել, որտեղ ասեն, թե իրենք են կազմակերպել ահաբեկչությունը»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիսում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը՝ հավելելով, որ ահաբեկիչը ծագումով Թունիսից է եղել, մոտ 35 տարեկան. «Նա բեռնատար մեքենայի ղեկին նստած՝ մխրճվել է Բաստիլի գրավման տոնը նշող ու Նիսի փողոցներից մեկում զբոսնող ամբոխի մեջ ու փորձել այնպես անել, որ հնարավորինս շատ մարդ վնասվի: Զուգահեռաբար՝ կրակել է նաև ամբոխի վրա: Երևում է, որ սա իսլամական արմատական գաղափարներով տոգորված մարդու գործ է»:

Արաբագետի խոսքով՝ արդեն շատ են կարծիքներ հնչում, որ Ֆրանսիան դասեր չի քաղում ահաբեկչություններից. «2015թ. սկսած արդեն երրորդ ահաբեկչությունն էր ու ցույց է տալիս, որ ֆրանսիան նախ՝ պատրաստ չէր, ու հատուկ ծառայություններն էլ շատ անելիք ունեն: Կարծում եմ՝ Ֆրանսիայում ցանց է գործում, որը վնասազերծելը բավական դժվար է լինելու ֆրանսիական իրավապահ մարմինների համար: Այս ցանցը, դեռևս մինչև Իսլամական պետություն, խմբավորման ձևավորումը կար, այսինքն՝ սա ուղղակի հնարավորություն էր, որ նման գաղափարներով առաջնորդվող կառույցները, մարդիկ իրենց նպատակներին հասնելու համար ավելի հեշտ ու արդյունավետ գործեն, ինչը նրանց մոտ ստացվում է»:

Տեսանյութեր

Լրահոս