«Կա ՀՀ-ԵՄ բանակցությունների օրացույց, և կողմերը շարժվում են դրա համաձայն». Կարեն Նազարյան

«ՀՀ-ԵՄ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա դեկտեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում Հայաստանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ բանակցությունների ընթացքին:

Հարցին, թե հայկական կողմը պատրա՞ստ է արդյոք ընդունել եվրոպական կողմի դիտարկումները ՀՀ-ԵՄ բանակցությունների վերաբերյալ, Նազարյանը պատասխանեց, որ չէր ցանկանա մեկնաբանել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Սվիտալսկու գնահատականները, թեև դրանք, ըստ փոխնախարարի, բավականին լավատեսական և դրական են, մասնավորապես՝ այն, որ ՀՀ-ն ու ԵՄ-ն խոսում են նույն լեզվով այն հարցերի վերաբերյալ, որոնք առնչվում են մենաշնորհների վերացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին:

«Մենք մտադիր ենք այս ուղղությամբ շարունակել մեր ակտիվ երկխոսությունը ԵՄ-ի հետ՝ խորացնելու համար բարեփոխումների գործընթացը կամ անշրջելի դարձնելու այդ գործընթացը՝ դրանով իսկ ավելի բարենպաստ միջավայր ստեղծելով կայուն զարգացման ու համագործակցության համար»,- ասաց փոխնախարարը:

Վերջինս լիահույս է, որ Բրիտանիայի Brexit-ը երկրորդ պլան չի մղի ՀՀ-ԵՄ բանակցային գործընթացի դինամիկան: Բայցև փոխնախարար Նազարյանը նշեց, որ, որքանով ինքն է տեղեկացված, այսօր ԵՄ կառույցներում բուռն քննարկումներ են ընթանում ընթացակարգերի հստակեցման հետ կապված: «Բայցևայնպես հուսամ, որ դա իր ազդեցությունը չի թողնի մեր հարաբերությունների և գործընթացի վա: Բանակցային գործընթացն ունի օրացույց, հաջորդ փուլը կկայանա ՀՀ-ում հոկտեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում, իսկ մյուսը նախանշված է դեկտեմբեր ամսին: Մինչ այդ տեղի կունենան վիդեո-կոնֆերանսներ, որի միջոցով կքննարկվեն ոլորտային համագործակցությանն ու առևտրին վերաբերող հարցեր: Այսինքն, մենք, բանակցությունները վարելիս, նաև փորձում ենք օգտագործել վիդեո-կոնֆերանսների ավանդույթը, դա հնարավորություն է տալիս խնայել բավականին միջոցներ, այսինքն՝ մեծ պատվիրակությունները չեն ճամփորդում Բրյուսելից Երևան կամ՝ հակառակը, այլ տեղում են փորձում աշխատել, բայց կան հարցեր, որոնք իսկապես անհրաժեշտ են լինում արդեն երես առ երես բանակցությունների միջոցով կարգավորել:  Կա օրացույց, և մենք շարժվում ենք օրացույցի համաձայն»,- հստակեցրեց Նազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս