ՀՀ ԱԳՆն ճշտում է Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում հայերի առկայությունը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ճշտում է Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում հայերի առկայությունը։ «Հաստատված տեղեկություններ դեռ չկան», նշում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
Ավելի վաղ նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը «Թվիթեր»ի իր միկրոբլոգում կատարված գրառմամբ դատապարտել էր հարձակումը և ցավակցել զոհերի հարազատներին ու մերձավորներին:
Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84ի: Եվս 18 մարդ ծայրահեղ վիճակում է:
Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Հաղորդվում է, որ վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: