Բաժիններ՝

«Ո՞վ ասաց, որ ամուսնությունն ու երջանկությունը հոմանիշներ են». Ժակլին Բիսեթ

«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր անգլիացի դերասանուհի Ժակլին Բիսեթը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ թեև նոր է ժամանալ Հայաստան, բայց արդեն հասցրել է վայելել հայկական երաժշտությունն ու պարել: Բիսեթի խոսքով` նա սովորաբար չի մասնակցում նման միջոցառումներին: Մոտակա օրերին նա հույս ունի նոր բացահայտումներ անել և ծանոթանալ հայկական մշակույթին, մանավանդ` ճարտարապետությանը, պարզապես չգիտի, թե որտեղից է պետք սկսել:

«Ես Հայաստանի մասին շատ բան չգիտեմ, բայց Լոս Անջելեսում, ուր ապրում եմ, հայերն անչափ ուրախացան` իմանալով, որ այցելելու եմ Հայաստան: Ես գիտեմ, որ տարիների ընթացքում ձեր երկիրը բախվել է մեծ դժվարությունների, և ես ցավում եմ դրա համար ,- ասաց Բիսեթը:

Խոսելով ֆիլմի ամենակարևոր բաղադրիչի մասին՝ Բիսեթն այն համոզմունքը հայտնեց, որ նախ և առաջ կարևոր է լավ սցենարը. առանց դրա ոչինչ չի ստացվի: Նա հավելեց, որ եթե հնարավորություն տրվեր ընտրել այլ մասնագիտություն, ապա ինքը, միևնույն է՝ կուզենար դերասանուհի դառնալ, քանի որ այն շատ բազմաշերտ մասնագիտություն է:

«Դպրոցն ավարտելուց հետո չգիտեի` ինչ անել, բայց միանշանակ գիտեի, որ հետաքրքրված եմ մարդկանցով, հոգեբանությամբ, գրականությամբ, արվեստով, լուսանկարչությամբ և ուզում էի ճամփորդել: Եվ ես փորձեցի գտնել մասնագիտություն, որը կհամապատասխանի բոլոր այս կետերին, թեպետ չէի համարձակվում պատկերացնել ինձ իբրև դերասանուհի»,- պատմեց նա:

Կարդացեք նաև

Նրա դասախոսներից մեկը մի անգամ ասել է նրան, որ ինքը շատախոս է, և գուցե դառնա լավ դերասանուհի: Մի օր էլ նա ընթրիքի էր հրավիրված, որտեղ ներկա է եղել Ռոման Պոլանսկին: Վերջինս ասել է, որ Բիսեթը շատ ներհայեցողական աղջիկ է թվում, և դա կարող է օգնել իրեն դերասանական կարիերայում:

Անդրադառնալով հարցին, որ նա միշտ համարվել է Բրիտանիայի ամենագեղեցիկ կանանցից, Ժակլին Բիսեթը նշեց, որ ավելի կարևոր է համարում գրավչությունը, քան գեղեցկությունը:

Ժակլին Բիսեթը նաև այն կարծիքին է, որ երջանիկ լինելու համար պարտադիր չէ ունենալ պաշտոնական փաստաթղթեր: «Ո՞վ ասաց, որ ամուսնությունն ու երջանկությունը հոմանիշներ են: Ես դեմ չեմ ամուսնությանը, բայց ըստ իս` առավել կարևոր է գտնել հարաբերություններ, որ կերջանկացնեն երկու կողմերին»,- ավելացրեց դերասանուհին:

Նշենք նաև, որ նա աշխարհահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլիի կնքամայրն է: Բիսեթը, սակայն, նշում է, որ շատ լավ չի ճանաչում նրան, սակայն կարծում է, որ Ջոլին, ում մոր հետ անգլիացի դերասանուհին մտերիմ է եղել, շատ իմաստուն, բազմազբաղ և հրաշալի անձնավորություն է: Բիսեթը հույս հայտնեց ավելի լավ ճանաչելու Անջելինային:

Ուինֆրեդ Ժակլին Բիսեթը ծնվել է 1944 թ. Անգլիայի Սարի կոմսության Ուեյբրիջ քաղաքում: Նրա մասնակցությամբ մի շարք ֆիլմեր ֆրանսիական և իտալական արտադրության են: Նա նկարահանվել է «Ամերիկյան գիշեր», «Կիրակնօրյա կինը», «Ով է սպանում Եվրոպայի մեծ խոհարարներին», «Երբ ժամանակը լրացավ», Մահ սիրո մեջ» և մի շարք այլ ֆիլմերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս