Բաժիններ՝

«Իրոք, մեծ աղետ է տեղի ունեցել». Հովիկ Աբրահամյանը՝ կարկուտի մասին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում որոշում կայացրեց գումար տրամադրել Արագածոտնի, Արմավիրի, Լոռու մարզպետարաններին: Որոշման նախագիծը ներկայացնող տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ կառավարության որոշման նախագիծը պայմանավորված է վերջին տասնօրյակում ՀՀ տարածքում,  հատկապես Արմավիրի, Արագածոնի,Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում տեղի ունեցող բնական աղետների հետ:

Ըստ որոշման նախագծի՝ ՀՀ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու  մարզերի մի շարք համայնքներում  հունիս և հուլիս ամիսներին հորդառատ անձրևների և կարկտահարության հետևանքով տուժել են բնակիչներ, բնակելի տներ և օժանդակ շինություններ, ինչպես նաև՝ վնասվել են մի շարք գյուղամիջյան ճանապարհներ, կամուրջներ, հենապատեր:

Ըստ նախագծի՝ Արագածոտնի մարզպետարանին 2016թ. կհատկացվի 27,4 մլն դրամ դրամ, Արմավիրի մարզպետարանին՝ 61,6 մլնդրամ, Լոռու մարզպետա­րանին՝ 16մլն  դրամ: Դավիթ Լոքյանն ասաց, որ կիրակի օրվա հեղեղի արդյունքում Արմավիրի մարզում 20-ից ավելի համայնքներ ամբողջությամբ կորցրել են ռեսուրսները, և համայնքների բնակիչների պահանջով կառավարության կողմից հատկացվել է 22 հակակարկտային համակարգ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն  ասաց, որ հարցը քննարկել են Հանրապեության նախագահի հետ, որոշում կայացրել առաջարկները քննարկել, փորձել հնարավորինս օգնել ժողովրդին:

«Պարզ է, որ մենք մեր քաղաքացիների բոլոր ցանկությունները չենք կարող բավարարել: Երեկ եղել ենք մի քանի համայնքներում, և իրոք, մեծ աղետ է տեղի ունեցել. մարդիկ ունեն վարկեր, ծախսեր են իրականացրել՝ ակնկալելով բերք ստանալ, իրացնել, հետո վարկերը մարել: Եվ նաև առաջարկ կար, որպեսզի վարկերը հետաձգվեն: Ես պարոն Ջավադյանին խնդրում եմ, նաև առաջարկում եմ (մի քանի օր առաջ խոսել ենք), որպեսզի առևտրային բանկերի հետ համագործակցենք և հնարավորինս, գոնե մեկ տարով հետաձգենք գյուղացիների վարկերը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս