«Ահազանգ չէ՞ իմ ասածը Ձեզ համար». Հովիկ Աբրահամյանը՝ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց, թե ինչու են դանդաղ ընթանում Աշտարակ-Թալին ճանապարհի շինարարության աշխատանքները:
«Երկու անգամ զգուշացրել եմ ձեզ արդեն: Ի՞նչն է պատճառը: Կարո՞ղ եմ հասկանալ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Փոխնախարարն ասաց, որ գրաֆիկի առումով վերահսկողություն իրականացնում են, շինարարի մոտ աշխատանքների կատարման համար հստակ ժամանակացույց է առկա, այդ իմաստով դեռևս ահազանգեր չունեն:
«Ահազանգ չէ՞ իմ ասածը Ձեզ համար»,- ասաց Հովիկ Աբրահմայանը՝ հետաքրքրվելով, թե ինչն է պատճառը: «Խոսակցություններ են անցնում (չգիտեմ հիմնավո՞ր են, անհի՞մն են), որ ինչ-որ ֆինանսավորման խնդիրներ են: Այդ իսպանական ընկերությունն է, չէ՞: Չարիք է դա այս գործի մեջ: Ե՛վ Արարատի ճանապարհն է մինչև այսօր անորակ, և՛ այս խնդիրն է: Ի՞նչ խնդիր կա այնտեղ: Ինչ-որ պրոբլեմ կա այս ընկերության և չգիտեմ՝ ում հետ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Փոխախարարն ասաց, որ ուսումնասիրել են, լիարժեք հսկողություն է առկա: «Հասկացեք՝ ինչն է պատճառը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: