Բաժիններ՝

«Սոցփաթեթի հանգստի բաղադրիչից քաղաքացիները կարող են օգտվել մինչև 2016թ. դեկտեմբերի 20-ը». Մեխակ Ապրեսյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ պետական ծառայողների համար նախատեսված սոցփաթեթի հանգստի բաղադրիչն այս տարի գործելու է, և բոլոր նրանք, ովքեր այս և նախորդ տարի չեն օգտվել իրենց հանգստի փաթեթից՝ կարող են մինչև 2016թ. դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում օգտվել. «Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի արած հայտարարությունը վերաբերում էր 2017-19 թվականների միջնաժամկետ ծրագրերում սոցիալական փաթեթի բաղադրիչի ներառմանը: Դա դեռ չի նշանակում, որ 2017 թվականի բյուջեում դա ներառելը բացառվում է, որովհետև կա զուգահեռ հանձնարարական էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների նախարարներին՝ համատեղ քննարկել և ներկայացնել առաջարկություններ սոցփաթեթի հանգստի բաղադրիչի բարելավման ուղղությամբ: 2016 թվականին սոցփաթեթի բաղադրիչը 2016 թվականի բյուջեի շրջանակներում ամբողջությամբ իրականացվելու է»:

Նա ընդգծեց, որ խոսքը չի վերաբերում առողջապահության, կրթության և հիպոթեքի բաղադրիչներին, այլ միայն՝ զբոսաշրջությանը. «Առանց առողջապահության բաղադրիչի՝ սոցփաթեթի հանգստի բաղադրիչը մոտավորապես կազմում է 10 մլրդ դրամ»:

Թեև Մ. Ապրեսյանի խոսքով՝ պատահական տուր օպերատորներ սոցփաթեթի հանգստի բաղադրիչում չեն ընդգրկվում, բայց նա նաև նշում է, որ հայտնաբերվել են խախտումներ կատարած ընկերություններ. «Ստացված հաշվետվությունների հիման վրա Էկոնոմիկայի նախարարությունը կատարել է վերլուծություններ, ու որոշվել է մեկ օպերատորի հեռացնել սոցփաթեթի ցանկից, երկուսի հրամանն էլ ստորագրվել է: 21 նախազգուշացում էլ արդեն տրվել է»:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը, սակայն, նկատեց, որ հանգստի բաղադրիչն իր մեջ ներառում է վարկերի մարման համար գումար և կրթության ծախսերի գումար: Նրա ենթադրություններով՝ կրճատում են սոցփաթեթի հանգստի բաղադրիչը, քանի որ բյուջեի բացերը լրացնելու խնդիր կա. «Սա փաստում է, որ չարաշահումներն այնպիսի վիճակ են ստեղծել, որ կասեցնում են հանգստի բաղադրիչը: Ժամանակին, երբ ներդրվում էր այս համակարգը, խոսվում էր, որ պետական աշխատողն ունի հանգստի կարիք, իսկ փաթեթի ներդրումը բերելու է նրա աշխատանքի արդյունավետության բարձրացման և տուրիզմի զարգացման, իսկ կասեցումով կասեցվում են բոլոր դրական միտումները, որ ակնկալվում էին»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս