«Հայաստանը պատերազմ է հայտարարել պատմությանը». Ռուբեն Մեհրաբյան
«Կիսում եմ այն գնահատականը, որ այս գագաթաժողովը պատմական էր ու տեղի էր ունենում բավականին ծանր ժամանակահատվածում»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) կազմակերպված «ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովի հետքերով. Ի՞նչ սպասել հետո» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Նա ծիծաղելի է համարում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև սառը պատերազմի մասին խոսակցությունները, որովհետև, ըստ նրա՝ ամբողջ աշխարհում ռազմական ծախսերի 70 տոկոսը ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերն են, և այդ ընդհանուր ծախսերի 2.3-րդից ավելին Միացյալ Նահանգներինն է: «Ռուսաստանինը սրա հետ համեմատած՝ ծիծաղելի է ասել: Այդ տենդենցն ինչ-որ ձևով փոխելու որևէ շանս Ռուսաստանը պարզապես չունի, բացառվում է»,- ասում է նա:
Ռ. Մեհրաբյանի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ցույց տվեց, որ ընդհանուր եվրոպական շահի ընկալումը ոչ միայն չի տուժել, այլև ավելի կոնսոլիդացված է: Նա վստահ է, որ ՆԱՏՕ-ն ինքը պատրաստ չէր ընդունելու անդամներ հետխորհրդային տարածքից, դրա համար էլ Վրաստանը և Ուկրաինան չմտան ՆԱՏՕ. «Բայց այն ահռելի տեղաշարժը ՆԱՏՕ-ում, որը կրելու է շարունակական բնույթ, բերելու է նրան, որ վաղը ՆԱՏՕ-ն պատրաստ է լինելու դրան: Միասնական եվրոպայի գաղափարն ավարտվելու է հետխորհրդային տարածքում և տարածքով»:
Նա կարծում է՝ Հայաստանն այս պատմական տրամաբանությանը գնում է ուղիղ հակառակ: «Հայաստանը պատերազմ է հայտարարել պատմությանը: Այդքանից հետո ի՞նչ դժգոհություն կարող է ունենալ Հայաստանը ՆԱՏՕ-ից: Վարդան Օսկանյանի կողմից «կոմպլեմենտարիզմ» հորջորջված քաղաքականությունը, որն իբր բալանսավորված է Ռուսաստանի և Արևմուտքի միջև, այսօր, բացի ծիծաղից, այլ բան չի առաջացնում: Դա անլուրջ է: Հայաստանի քվեարկությունները վերջին տարիներին միջազգային հարթակներում ցույց են տալիս, որ Հայաստանն այսօր վարում է ընդգծված հակաարևմտյան քաղաքականություն, ընդ որում՝ սպասարկելով Ռուսաստանի շահերը: Այսօր Հայաստանը Ռուսաստանի պատվերով վարում է նաև հակավրացական և հակաուկրաինական քաղաքականություն, որը հակասում է Հայաստանի շահերին: Պաշտոնական Երևանը վերածվել է Ռուսաստանի ագենտ պետության, և սա ցավալի փաստ է»,- նշեց Ռ. Մեհրաբյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայացավ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ամենաբարձր մակարդակով և քննարկեց այն հարցերի շրջանակը, որը թույլատրված էր քննարկելու, բայց ոչ ուրիշ բան. «Վստահ չեմ, որ հաջորդ գագաթաժողովին Հայաստանը ներկա կգտնվի: Այսօրվա հրամայականը մեծ ռազմավարական շրջադարձն է, որը պետք է Հայաստանը կատարի, ընդ որում՝ ժամանակն արդեն սկսել է հետհաշվարկը: Այն ճանապարհը, որով մենք գնում ենք, տանում է դեպի պատերազմ, պետականության կորուստ և անդառնալի կորուստներ ընդհանրապես»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: