«Երեխաս է դուրս եկել, ինձ տեսել այդ վիճակում, «մամա, մամա» է ասել». Շենգավիթում կացնահարված կինը մանրամասներ է պատմում
Շենգավիթում կացնի հարվածների արդյունքում վնասվածքներ ստացած Թագուհի Մանսուրյանն ու նրա հայրը շարունակում են բուժում ստանալ «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Բժշկական կենտրոն մեր այցելության ընթացքում Թագուհի Մանսուրյանը պատմեց, որ մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ է, աշխատել է գեղեցկության սրահում՝ որպես մատնահարդար և դիմահարդար: Նրա խոսքով՝ հանցագործության կատարման մեջ մեղադրվող Վլադիկ Մարտիրոսյանի հետ ամուսնացել է 2014թ. փետրվարին: Ընտանիքում պարբերաբար վեճեր են եղել, բաժանվել են, ամուսնու կողմից բռնությունների է ենթարկվել:
Թագուհին պատմում է, որ դեպքի օրը գնացել է հաճախորդի բնակարան, նրան սպասարկել, վերադարձել է, նախկին ամուսնու հետ կրկին միջադեպ է գրանցվել, իրեն ու մորը տարել են Ոստիկանություն, որտեղ իրենք ցուցմունք են տվել:
«Հետաքննիչը խնդրեց, որ պարեկային ծառայության մեքենան մեզ տանի, իջեցնի տուն, որովհետև արդեն գիշերվա ժամը 4-ն էր: Ժամը 4-ին մեզ բերեցին, իջեցրին մեր բակում: Մենք իջանք, պարեկային ծառայության տղաներին «բարի գիշեր» ասացինք, «շնորհակալություն» ասացինք ու մտանք պադեզդ: Բարձրացա աստիճաններով: Մենք առաջին հարկում ենք ապրում: Ինքը՝ Վլադիկը, դարանակալել էր պադեզդի դռան հետևը: Ես չէի տեսել: Ես որ բարձրացա, ինքը հետևից հարձակվեց, ինձ կացինով խփեց,- պատմեց Թագուհի Մանսուրյանը՝ նշելով, որ օգնություն է խնդրել, այդ ժամանակ մայրն է փորձել օգնել իրեն, սակայն նա մորն էլ է հարվածել,- Հետո հայրս է դուրս եկել: Ու դրանից հետո շատ բաներ չեմ հիշում: Հիմա գիտեմ, որ նույնիսկ երեխաս է դուրս եկել, ինձ տեսել այդ վիճակում, «մամա, մամա» է ասել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: