
Հայցվոր ԴԱՀԿ ծառայության ներկայացուցիչը դատարան չէր ներկայացել

2016 թ. հուլիսի 11-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Լ. Հակոբտյանի, կայացավ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության հայցի քննությունը՝ ընդդեմ Անուշ Պողոսյանի, որով պահանջվել է Ա. Պողոսյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 206.5-րդ հոդվածով նախատեսված արարքի, այն է՝ հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելու հիմքով:
Նախնական դատական նիստին մասնակցում էին պատասխանող Ա. Պողոսյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը և սեփական դիմումի հիման վրա գործով որպես երրորդ անձ ներգրավված Արմեն Մկրտչյանը: Հայցվոր կողմը դատական նիստին ներկայացված չէր:
Դատարանը, հաշվի առնելով, որ նախնական դատական նիստի ընթացքում պարզվում են հայցի առարկան ու հիմքերը, անհրաժեշտ համարեց հայցվոր կողմի մասնակցությունը: Պատասխանողի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը չառարկեց դրա դեմ, միաժամանակ, Դատարանի կողմից հնարավորություն ստանալով, ներկայացրեց միջնորդություն՝ որպես երրորդ անձ ներգրավված Արմեն Մկրտչյանին ոչ պատշաճ երրորդ անձ ճանաչելու և դատավարության մասնակիցների ցանկից հանելու վերաբերյալ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ