
Բունդեսթագի նախագահը՝ Ինջիրլիքից գերմանական զորքերը հետ քաշելու մասին

Գերմանիայի դաշնային խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը հայտարարել է, որ Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից գերմանացի զինվորները կարող են հետ քաշվել, եթե թուրքական կողմը չվերացնի գերմանացի պատգամավորների այցելության արգելքը: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
«Թող բոլորը գիտակցեն, որ Ինջիրլիքում գերմանացի զինվորներն այնտեղ երկար չեն մնա, եթե համապատասխան վերաբերմունք չստանան»,- Süddeutsche Zeitung պարբերականին ասել է նա: Լամերտը նշել է, որ դեպի Ինջիրլիք գերմանական պատվիրակության այցելությանն ինքը հավանություն է տվել:
Գերմանական Deutsche Welle-ն հայտնում է, որ Գերմանիայի ու Թուրքիայի միջև հարաբերությունները լարվել են, երբ Բունդեսթագը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց:
Բանաձևի ընդունումից կարճ ժամանակ անց Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարեց, որ Թուրքիան թույլատրություն չի տրամադրել Գերմանիայի ՊՆ բարձրաստիճան պաշտոնային և խորհրդարանի մի քանի անդամների` հուլիսին այցելելու Ինջիրլիքի ռազմաբազա:
Պաշտպանության նախարարության քարտուղարի տեղակալ Ռալֆ Բռաուքզիեփեն ծրագրավորել էր հուլիսին խորհրդարանական պատվիրակության հետ այցելել Թուրքիայում տեղակայված գերմանական զորքերին, սակայն դա նրա համար արգելվել է` կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետևա նքով թուրք-գերմանական հարաբերությունների լարման հետ:
Ինջիրլիքի ռազմաբազա այցելելու թույլտվություն տրամադրելու հարցը քննարկվեց նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Վարշավայում տեղի ունեցած Մերկել-Էրդողան հանդիպման ժամանակ: Թուրքական աղբյուրների համաձայն` Էրդողանը պայման է դրել Մերկելի առաջ` կառավարության անունից հայտարարություն անել այն մասին, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Բունդեսթագի որոշումը չի արտահայտում կառավարչության պաշտոնական դիրքորոշումը: Մերկելը, սակայն, մերժել է այդ առաջարկը: