Հայաստանը՝ ՏՏ աշխարհում
Այն օրվանից, երբ ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ-IT) արտահայտությունը հայտնվեց մեր բառապաշարում, այն միանգամից դարձավ ՀՀ իշխանությունների ելույթների ու ծրագրերի անբաժան մասը։
Արդեն կարելի է ասել՝ անհիշելի ժամանակներից հայտարարվում է, որ ՏՏ ոլորտը մեր տնտեսության գերակա ուղղություններից մեկն է։ Ասել է թե՝ բնական ռեսուրսներով հարուստ չենք, ունենք տրանսպորտային և այլ խնդիրներ, ու մեզ մնում է հույս դնել միայն մեր խելքի՝ մտավոր ունակությունների ու գիտելիքի վրա։ Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն անգամ նոր բառ ներմուծեց մեր բառապաշար՝ գիտելիքահենք տնտեսություն։
Սակայն ի՞նչ ենք արել՝ խոսելուց բացի։ Որքանո՞վ ենք զարգացրել մեր ՏՏ ոլորտը և ի՞նչ պայմաններ ենք ստեղծել դրա հետագա զարգացման համար։ Ի՞նչ վիճակում ենք՝ մեր հարևան երկրների համեմատ։
Տնտեսական բլոկի պատասխանատուները, իհարկե, համոզված են, որ նորմալ հաջողություններ ունենք, ոլորտն էլ կայացել է և շարունակում է կայանալ։ Անգամ այն աստիճանի վստահ են ՏՏ ոլորտի դրական վիճակի հարցում, որ բյուջետային կամ այլ տիպի լրացուցիչ վճարների բեռն ավելացնում են հենց այս ոլորտի մասնագետների հաշվին (պարտադիր կենսաթոշակային կուտակային բաղադրիչ, եկամտային հարկի բեռի ծանրացում՝ Հարկային օրենսգրքի նախագծով, և այլն)։
Ամենազավեշտալին այն է, որ կարելի է ասել՝ Հայաստանում ճշգրիտ չգիտենք ՏՏ ոլորտի մասշտաբն ու զարգացածության մակարդակը։ Այսօր տնտեսությունների գնահատման մեջ ամենակարևոր ցուցանիշներից մեկը դարձել է ՏՏ ոլորտի ներդրումը ՀՆԱ-ի մեջ։ Մեզ մոտ կան միայն մոտավոր գնահատականներ։
Սակայն կան նաև այլ՝ միջազգային գնահատականներ ու զեկույցներ, որոնք թույլ են տալիս հասկանալ՝ ինչ վիճակում է ՏՏ ոլորտը, ինչ խնդիրներ կան, և ինչ դիրքում է գտնվում՝ այլ երկրների համեմատ։
Ամենահեղինակավոր զեկույցներից մեկն ամենամյա «Ցանցային պատրաստվածության ինդեքսն» է (Networked Readiness Index) կամ պարզապես տեխնոլոգիական պատրաստվածության ինդեքսը, որը Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների զեկույցի (Global Information Technology Report) մաս է կազմում։ Ինդեքսը հրապարակվում է համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum-ի) կողմից՝ INSEAD բիզնես-դպրոցի հետ համատեղ։
Այն թույլ է տալիս հասկանալ՝ ինչ դիրք է գրավում երկիրը «թվային աշխարհում» և որքանով է մրցունակ ՏՏ ոլորտում։ Գնահատումը կատարվում է 4 հիմնական ենթաինդեքսների հիման վրա՝ ՏՀՏ ոլորտի համար առկա միջավայրը (կարգավորումները, ենթակառուցվածքները և այլն), անհատների, կազմակերպությունների կողմից տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելու պատրաստվածության մակարդակը, և այդ շահառուների կողմից ՏՏ օգտագործման փաստացի մակարդակը, և ազդեցությունը։
Բացի այդ, յուրաքանչյուր ենթաինդեքս ունի առանձին հիմնասյուներ (որոնց ընդհանուր թիվը 10-ն է), որոնք առանձին-առանձին գնահատվում են։
Օրեր առաջ հրապարակվեց 2016 թվականի տարեկան զեկույցը։
Միանգամից ասենք, որ դիտարկված 139 երկրների շարքում Հայաստանը 56-րդ տեղում է՝ 4.3 միավորով։ 2015-ի զեկույցի համեմատ մեր երկիրն առաջադիմել է 2 հորիզոնականով։
Սակայն ավելի հետաքրքիր է տեսնել՝ ինչի՞ արդյունքում կամ ինչի՞ հետևանքով ենք հայտնվել 56-րդ տեղում, ո՞ր ուղղություններում ենք ավելի առաջ և որտե՞ղ խնդիրներ ունենք։
Ինչպես տեսնում եք, վիճակն առավել վատ է միջավայրի ենթաինդեքսի առումով, որով Հայաստանը 78-րդ տեղում է։ Իսկ ավելի խորանալու դեպքում՝ պատկերը փչացնում է քաղաքական և կարգավորումներին վերաբերող հիմնասյունը (116-րդ տեղ)։ Իսկ դրա փակագծերն ավելի բացելու դեպքում պարզվում է, որ դատական համակարգի անկախության առումով 106-րդ տեղում ենք, դատաիրավական համակարգի արդյունավետության առումով՝ 115-րդ տեղում, պայմանագրերի կիրարկման համար պահանջվող գործընթացների առումով՝ 134-րդ տեղում (սա խոսում է բյուրոկրատիայի մասին)։
Գործարար և նորարարական միջավայրի առումով պատկերն ավելի բարենպաստ է՝ 50-րդ տեղում ենք։ Սակայն այստեղ էլ կան հիմնասյուներ, որոնց առումով բավականին ետ ենք։ Օրինակ, դպրոցների կառավարման որակի առումով 115-րդ տեղում ենք։
Առանձին-առանձին բոլոր ցուցանիշներին չենք անդրադառնա։ Կան ցուցանիշներ, որոնց գծով աշխարհի առաջատարներից ենք: Օրինակ՝ բջջային կապի ծածկույթի առումով առաջին տեղում ենք՝ 100%-անոց ծածկույթ ունենք։ Բջջային կապի ոլորտում մրցակցության առումով նույնպես առաջին տեղում ենք։ Մեծահասակների գրագիտության առումով 8-րդն ենք (բնակչության 99,8%-ը գրագետ են)։ Լայնաշերտ ինտերնետի սակագների առումով նույնպես վատ վիճակում չենք՝ 24-րդ տեղ։
Սակայն կան նաև հակառակ ծայրահեղություններ։ Ամենավատ ցուցանիշներն ունենք անձնակազմի վերապատրաստման առումով (116-րդ տեղ), կամ ընկերությունների կողմից բարձր տեխնոլոգիաների «կլանման» առումով (113-րդ տեղ)։
Ոլորտով հետաքրքրվողները կարող են մանրամասներին ծանոթանալ զեկույցում։ Սակայն ընդհանուր եզրակացությունը, որին կարելի է հանգել, այն է, որ միայն ելույթներն ու գեղեցիկ անուններով ծրագրերը ոչինչ չեն նշանակում, և, որ ՏՏ ոլորտի զարգացմանը խոչընդոտող կարևորագույն գործոններից շատերը գտնվում են տնտեսական հարթությունից դուրս (օրինակ՝ դատաիրավական համակարգի անկախությունը)։
Մի խոսքով, տեղեր կան՝ վատ չենք, տեղեր կան՝ վատ վիճակում ենք, տեղեր էլ կան՝ միջին մակարդակում ենք։
Առաջին հայացքից՝ կարող է թվալ 56-րդ տեղը՝ 139 երկրների շարքում, վատ ցուցանիշ չէ։ Առավել ևս, որ վերջին տարիների կտրվածքով էական առաջընթաց ունենք։ 2015-ին, ինչպես նշեցինք, տեխնոլոգիական պատրաստվածության ինդեքսում 58-րդ տեղում էինք, դրանից առաջ՝ 2014 թվականին՝ 65-րդ տեղում (148 երկրների շարքում), 2013 թվականին՝ 82-րդ տեղում (144 երկրների շարքում)։ Ցուցակում մեր անմիջական հարևաններն են Խորվաթիան, Պանաման, Մոնղոլիան և Վրաստանը։
Սակայն, եթե խոսում ենք մրցակցության մասին, ուրեմն ամեն ինչ պետք է դիտարկել համեմատության մեջ, առաջին հերթին՝ հարևանների հետ։ Վրաստանը, օրինակ, մեզնից ետ է՝ 58-րդ տեղում է։ Ընդ որում, նախորդ տարիների համեմատ՝ մեզ նման մեծ առաջընթաց չի ունեցել (2015-ին և 2014-ին զբաղեցրել է՝ 60-րդ, 2013-ին՝ 65-րդ տեղը)։
Սակայն Ադրբեջանը մեզնից առաջ է՝ 53-րդ տեղն է զբաղեցնում։ 2015-ին այս երկիրը 57-րդն էր, այսինքն՝ առաջադիմել է 4 հորիզոնականով։ Սակայն 2014-ին Ադրբեջանն ավելի բարձր դիրք էր զբաղեցնում՝ ինդեքսում 49-րդն էր։ Սա ցույց է տալիս, որ չի կարելի թերագնահատել այս թշնամուն և հանգիստ լինել՝ մտածելով, որ այս երկիրը նավթադոլարների վրա հույս դնելով՝ բարձր տեխնոլոգիաներին ուշադրություն չի դարձնում։
Վերջում ավելացնենք, որ տեխնոլոգիական պատրաստվածության վարկանիշը գլխավորում է Սինգապուրը, որին հաջորդում են Ֆինլանդիան, Շվեդիան, Նորվեգիան և
ԱՄՆ-ը։ Լավագույն տասնյակում են նաև Նիդեռլանդները, Շվեյցարիան, Միացյալ Թագավորությունը, Լյուքսեմբուրգը և Ճապոնիան։ 139 երկրների ցանկը եզրափակում են Հայիթին, Բուրունդին և Չադը։