
Մերկելը մերժել է Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ հայտարարություն անելու Էրդողանի պայմանը. թուրքական ԶԼՄ-ներ

կանցլեր Անգելա Մերկելը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի առնչությամբ կառավարության անունից հայտարարություն անելու վերաբերյալ: Այս մասին ակտիվ հրապարակումներ են անում ինչպես գերմանական, այնպես էլ թուրքական լրատվամիջոցները:
Մասնավորապես, լրատվականները հայտնում են, որ Էրդողանը Վարշավայում Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ բացասական է պատասխանել Ինջիրլիքի ռազմաբազա գերմանացի պատգամավորների այցը թույլ տալու պահանջին: Որպես նախապայման Էրդողանը պահանջել է, որ Մերկելը հայտարարություն անի այն մասին, թե Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը կառավարության տեսակետը չի հայտնում: Այդուհանդերձ, ըստ գերմանական և թուրքական լրատվամիջոցների, Մերկելն անհնար է համարել նման հայտարարության հնչեցումը:
Թուրքիայի նախագահականից անանուն աղբյուրը հայտնել է, որ Մերկելի հետ հանդիպմանը Հայոց ցեղասպանության թեման քննարկվել է: Մերկելը հավաստիացրել է, որ կանի հնարավոր ամեն բան, որպեսզի բանաձևը չվնասի թուրք-գերմանական հարաբերություններին: