ՀՀ դեսպանությունը «ուշիուշով հետևում է» հայ ընտանիքի սպանությանն առնչվող զարգացումներին
Հայաստանի արտգործնախարարության հաղորդմամբ, Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ, Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապետ Թեյմուրազ Կալանդաձեի հետ:
Վրացական կողմը տեղեկացրել է, որ դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն, կասկածյալը ձերբակալվել է:
«ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ և ուշիուշով հետևում է զարգացումներին: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում սպանվածների հարազատներին և բարեկամներին»,- նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: