
Թերեզա Մեյը դարձել է Բրիտանիայի նոր վարչապետի միակ թեկնածուն

Մեծ Բրիտանիայի Պահպանողականների կուսակցության և միաժամանակ նաև վարչապետի պաշտոնի թեկնածու Անդրեա Լիդսոմը հայտարարել է նախընտրական պայքարից դուրս գալու մասին: Այդպիսով, ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը դարձել է երկրի վարչապետի պաշտոնի միակ թեկնածուն: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Թերեզա Մեյն ունի կուսակցության խորհրդարանական խմբակցության ավելի քան 60 տոկոսի աջակցությունը: Նա իդեալական իրադրությունում է, որպեսզի իրականացնի Brexit-ը բրիտանացի ժողովրդի համար լավագույն պայմաններով, և նա հայտարարել է, որ կանի դա»,- հայտարարել է Լիդսոմը, ով նաև շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկեր-խորհրդարանականներին, ովքեր սատարել են իր թեկնածությունը:
Ավելի վաղ Մեյը և Լիդսոմը դուրս էին եկել կուսակցության և միաժամանակ նաև նոր վարչապետի ընտրության եզրափակիչ մաս, որտեղ կուսակցության ու կառավարության նոր ղեկավարի ճակատագիրը որոշելու են Պահպանողական կուսակցության 150 հազար անդամներ, ովքեր քվեարկելու են փոստի միջոցով:
Հուլիսի 7-ին քվեարկության երկրորդ տուրի արդյունքներով, որին մասնակցել են կուսակցության խմբակցության անդամները, Մեյը ստացել է 199, իսկ Լիդսոմը` 84 կուսակցական գործընկերների աջակցությունը: