
«ՀԱՊԿ արտգործնախարարների կողմից ընդունված հայտարարությունը շատ կարևոր է»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի համոզմամբ՝ հուլիսի 4-ին Երևանում ՀԱՊԿ արտգործնախարարների կողմից ընդունված հայտարարությունը շատ կարևոր ու առանցքային փաստաթուղթ է:
«ՀԱՊԿ-ում Ռուսաստանը լոկոմոտիվն է, Հայաստանը նախագահում է, իսկ թուրքալեզու պետություններ, ինչպիսին Ղազախստանն է, անդամակցում են: Կոնկրետ այդ երկրները միշտ չէ, որ սատարել են ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշումը: Հուլիսի 4-ին ՀԱՊԿ-ի հայտարարության մեջ երեք կետով հստակ անհամաձայնություն հնչեց Ադրբեջանի քաղաքականությանը` և ինքնորոշման իրավունքի իրացման մասին խոսք կար, ու Մինսկի խմբի հետ կապված, որ այնտեղ որևէ փոփոխություն չի կարելի, և Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմանը: Սա ուղղակի աջակցություն էր ՀՀ դիրքորոշմանը»,-ասաց Շարմազանովը` հավելելով, որ ՀԱՊԿ անդամ-երկրները հուլիսի 4-ին ցույց տվեցին Հայաստանի դիրքորոշմանը համահունչ պաշտոնական դիրքորոշում:
Նա հույս հայտնեց, որ հետագայում Ղազախստանը, ինչպես նաև Բելառուսը պաշտոնական հայտարարություններ կատարելիս հղում կանեն այն հայտարարությանը, որի տակ ստորագրել են իրենց երկրների արտգործնախարարները: