Եռանախագահող երկրները ներկայացրել են կոնկրետ առաջարկներ` հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին. Էդվարդ Նալբանդյան

 

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, Էդվարդ Նալբանդյանն ասել է.

«Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Հայաստանը մասնակցում է այն մասով, որը վերաբերում է Աֆղանստանին, ավելի կոնկրետ` Աֆղանստանի անվտանգության աջակցման ուժերի առաքելության մասնակցությանը։ Գիտեք, որ Հայաստանն արդեն յոթ տարի է, ինչ մաս է կազմում այդ առաքելության։ Իսկ 2015թ.-ից վերափոխվեց Վճռական աջակցության առաքելության: Եվ այդ շրջանակներում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ և գործընկեր երկրների հատուկ նիստ էր գումարվել։ Հայաստանը հենց դրան էր մասնակցում:

Բայց, իհարկե, այս գագաթաժողովը նաև տարբեր հանդիպումների լավ առիթ է, և Հանրապետության Նախագահը կարևոր հանդիպումներ ունեցավ: Քիչ առաջ հանդիպում կայացավ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։ Երեկ երեկոյան նաև պետքարտուղար Քերիի հետ: Երկկողմ հարաբերությունների, բազմաթիվ այլ հարցերի շարքում քննարկվեցին նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր։ Առաջին հերթին, դա վերաբերում էր այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և վերահաստատվել Սանկտ-Պետերբուրգում։ Այդ պայմանավորվածությունները եթե իրականացվեն, համապատասխան պայմաններ կստեղծվեն, ինչպես որ մենք բազմիցս ասել ենք, խաղաղ գործընթացն առաջ մղելու համար:

Կարդացեք նաև

Եվ գլխավոր թեման հենց սա էր։ Խոսքը գնում է, գիտեք, հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին։ Եռանախագահող երկրները ներկայացրել են կոնկրետ առաջարկներ։ Չնայած Ադրբեջանը ձևացնում է, թե չգիտի ինչի մասին է խոսքը, բայց եռանախագահող երկրները բավական մանրամասն առաջարկներ են ներկայացրել, և Հայաստանը արձագանքել է և տվել է իր, ընդհանուր առմամբ, դրական կարծիքը այս մեխանիզմի ստեղծման առնչությամբ:

Սա առաջին անգամը չէ։ Գիտեք, որ տարիներ շարունակ է այս նախաձեռնությունը քննարկվում։ Դա եռանախագահող երկրների նախաձեռնությունն էր։ Դեռ 2011, 2012թթ. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայացած գագաթաժողովների արդյունքում հրապարակվեցին համապատասխան հայտարարություններ, որոնցում հստակ նշվում էր այս մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության մասին, բայց ամեն անգամ Ադրբեջանը հետ քայլ էր կատարում: Այս անգամ ևս Վիեննայից և Սանկտ-Պետերբուրգից հետո Ադրբեջանը փորձեր է կատարում հետ կանգնել այդ պայմանավորվածություններից` ձևացնելով, թե այդպիսի պայմանավորվածություն ընդհանրապես ձեռք չի բերվել։ Չնայած եռանախագահող երկրները Վիեննայի գագաթաժողովի արդունքում հրապարակած իրենց հայտարարության մեջ հստակ ասում էին, որ նախագահները պայմանավորվել են այդպիսի մեխանիզմի ստեղծման մասին:

Երկրորդը նա է, որ վերաբերում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարավորությունների ընդլայնմանը և թվաքանակի ավելացմանը: Նույն պատմությունն է. չնայած Վիեննայից և Սանկտ-Պետերբուրգից բավական ժամանակ է անցել, բայց Ադրբեջանը ամեն կերպ խոչընդոտում է նաև այս պայմանավորվածության իրագործմանը:

Սրան էին վերաբերում հիմնական քննարկումները: Նաև սրա մասին էինք խոսում եռանախագահների հետ։ Վարշավայում երեկ ես նաև հանդիպում ունեցա եռանախագահների հետ։ Իրենք ևս գտնվում էին այստեղ: Մենք կարծում ենք, որ այս պայմանավորվածությունների շուրջ մենք շարունակելու ենք քննարկումները. տեսնենք, թե ինչպես կարելի է իրագործել:

Ամեն դեպքում եռանախագահող երկրները, ԵԱՀԿ գործող նախագահը` Գերմանիայի արտգործնախարարը, բավական հաստատակամ են: Եվ պարոն Շտայնմայերը, երբ Հայաստանում էր, դրա մասին ասաց, և դրանից առաջ էր նաև հայտարարել՝ դեռ հունվարին իր ելույթում. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու պահին ինքն աջակցեց այս մեխանիզմի ստեղծմանը: Եվ հիմա էլ հաստատակամ են, որ պայմանավորվածությունները պետք է հարգվեն և պետք է կատարվեն: Հնարավոր չէ հանդիպումից հանդիպում որևէ հարցի շուրջ պայմանավորվել, և կողմերից մեկը հետ քայլ անի, որովհետև դրանով իսկ կորցնում է վստահությունը, որ կարելի է այդ երկրի հետ ընդհանրապես բանակցել և ինչ-որ բանի մասին պայմանավորվել:

Գիտեք, որ ՆԱՏՕ-ն ընդհանրապես չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները բազմիցս ասել են այդ մասին: Եվ այն ձևակերպումները, ես կասեի` ընդհանրական ձևակերպումները, որոնք վերաբերում են հիմնախնդիրների կարգավորմանը, որոնք տեղ են գտնում այս գագաթաժողովների հայտարարություններում, հռչակագրերում, Ադրբեջանը նորից փորձեր է կատարում ձևացնել, թե դա աջակցություն է իր մոտեցումներին: Իհարկե այդպես չէ:

Բաքուն փորձում է դրանով հիմնավորել իր ռազմատենչ հայտարարությունները, գործողությունները, որոնք հակադրվում են միջազգային հանրության մոտեցմանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ: Գիտեք, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան` երկու եռանախագահող երկրները Հյուսիս-ատլանտյան դաշինքի մաս են կազմում, և, Ռուսաստանի հետ համատեղ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբող հինգ հայտարարություններում, հստակ արտահայտվել են այն սկզբունքների, այն տարրերի վերաբերյալ, որոնք հիմք պետք է հանդիսանան հիմնախնդրի կարգավորման համար:

Հենց այս հայտարարություններն է փորձում անտեսել Ադրբեջանը և ամեն կերպ խոչընդոտում է որևէ հղում կատարալու անգամ այս հայտարարություններին, որոնք բոլոր այն առաջարկների և հին և նոր գաղափարների հիմք են հանդիսանում` որոշ ինչ-որ ձևակերպումների նյուանսների փոփոխություններով։ Բայց այդ առաջարկների էությունը նույնն է։ Դրանք հիմնված են հենց այն հինգ հայտարարությունների վրա, որոնք արել էին եռանախագահող երկրները: Իսկ Հայաստանը բազմիցս ասել է, որ պատրաստ է համանախագահ երկրների հետ շարունակել ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»:

Տեսանյութեր

Լրահոս