ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ուորլիք
Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խոսել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Բոլորն էլ մերժում են պատերազմը և հաստատել են հանձնառությունը բանակցային գործընթացի վերաբերյալ: ԱՄՆն պատրաստ է օգնելու», գրել է Ուորլիքը:
Աշխատանքային այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ի երեկոյան ՆԱՏՕի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը ցավակցություն է հայտնել պետքարտուղար Քերիին` ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:
ՀՀ Նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի շարունակական ջանքերը` ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը:
Հանդիպման առիթով Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ իր երախտագիտությունն է հայտնել պետքարտուղար Քերիին` Ադրբեջանի կողմից ԼՂի նկատմամբ սանձազերծված ապրիլյան ագրեսիայի պատճառով հակամարտության գոտում ստեղծված լարված իրավիճակից դուրս գալուն միտված գործուն քայլերի համար, նաև որոնց արդյունքում կայացան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն ու ընդունվեցին համատեղ հայտարարություններ: