
«Ադրբեջանի վրա քաղաքական ազդեցության գործիքները չեն հերիքում». Ալեքսանդր Իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Երևանում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարության ընդունմանը, այսօրվա ասուլիսում հայտարարեց, թե ապրիլյան քառօրյա պատերազմից հետո միջազգային հանրությունը քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելու, Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը վերականգնելու ուղղությամբ:
«Մինսկի խմբի համանախագահները փորձում են նպաստել հակամարտության գոտում անվտանգության հաստատմանն ու ամրապնդմանը, հնարավորինս նվազեցնել բռնությունները, նոր բռնությունների ռիսկերը: Դրա համար հարկավոր է վերահաստատել Մինսկի խմբի ֆունկցիաները, հաստատել, որ այդ ձևաչափը շարունակում է աշխատել: ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների հայտարարությամբ հենց դա էլ արվեց»,- ասաց Ա. Իսկանդարյանը:
Նրա կարծիքով՝ այդ հայտարարության ընդունման մեջ մեծ է ոչ թե Ղազախստանի, Բելառուսի կամ Ղըրղըզստանի, այլ Ռուսաստանի դերակատարությունը, քանի որ վերջինս հանդիսանում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հիմնական մասնակիցներից մեկը: «Հենց միայն նրա համար, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ղազախստանի, Բելառուսի կամ Ղըրղըզստանի համար այնքան էլ կարևոր նշանակություն չունի, նման հայտարարություններ են ընդունվում: Բայց չեմ կարծում, որ այդ հայտարարությունը կարող է ինչ-որ կերպ փոխել իրավիճակը, որովհետև Ադրբեջանի վրա քաղաքական ազդեցության գործիքները չեն հերիքում: Ես ուրախ կլինեի, եթե սխալվեի, բայց իրավիճակն այդպիսին է»,- ասաց Իսկանդարյանը: