
«Վերին Լարսի փակ լինելու պատճառով լաստանավերից օգտվելու դեպքում որևէ մենաշնորհ չկա». Արսեն Ղազարյան

Վերին Լարսի փակ լինելու պայմաններում հայ գործարարների կողմից լաստանավերից օգտվելու դեպքում ոչ մի հակամենաշնորհային համաձայնություն կամ գերակա դիրքի չարաշահում առկա չէ: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը` անդրադառնալով այն դիտարկմանը, որ փոքր ու միջին ձեռնարկատերերը դժգոհություններ են ներկայացրել, թե լաստանավերը սպասարկում են խոշոր արտահանողներին: «Այնտեղ ոչ մի մենաշնորհ չկա: Կա մեկ լաստանավ, որը մշտապես գործել է, սեփականատերը բուլղարական ընկերություն է` Վառնա-Նովոռոսիյսկ-Փոթի և հակառակ ուղղությամբ չվերթներով: Մեր խոշոր փոխադրողներից մեկը երկու լաստանավ է վարձակալել: Ինքնին պարզ է, եթե վարձակալելել է, առաջին հերթին, իր սեփական բեռների համար է»,– ասաց Արսեն Ղազարյանը` հավելելով, որ լաստանավով բեռները տեղափոխվում են ըստ հերթա կանության:
«Իհարկե, առաջնահերթությունը տրվում է փչացող բեռներին, հատկապես գյուղմթերքի այն տեսակին, որոնք մեկ շաբաթից, տասը օրից ավելի սառնարանային պայմաններում պահելը դժվար է լինում»,- նշեց նա:
Նրա խոսքով` Վերին Լարսը երեկվանից մասնակի սկսել է աշխատել դանդաղ ռեժիմով: «Մենք ուղղակի մտահոգվում ենք, որ նոր արտակարգ դեպք չլինի, միլիոնանոց հողածածկույթը չփլվի: Մեկ շաբաթվա ընթացքում ճանապարհն ավելի կամրացնեն ու կվերականգնվի այն ռեժիմը, որ նախկինում ունեցել ենք: Ուղղակի եղանակային պայմանները բարենպաստ չեն ու 50-50 հավանականությամբ վտանգը կա: Դրա համար էլ պատահական չէր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի կոչը գործարարներին, որ լաստանավերով տարբերակը պարբերաբար օգտագործեն»,-շեշտեց Գործարարների և արդյունաբերողների միության նախագահը:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին տեղատարափ անձրևների և Թերեք գետի վարարման պատճառով փակվել է Վերին Լարսի անցակետն ու ճանապարհը: Խցանման մեջ հայտնված ՀՀ քաղաքացիները ինքնաթիռներով վերադարձվել են հայրենիք, իսկ բեռնափոխադրումներն իրականացվում են լաստանավերով: