
«Անելիք բանկի» իրավաբանի սպանության գործն ուղարկվել է դատարան

«Անելիք բանկ» ՓԲԸ իրավաբանական և խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետ Հովհաննես Աթանյանի սպանության գործի նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Քրեական գործի շրջանակներում Մկրտիչ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. նոյեմբերի 24-ին Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի մոտ, ծառայողական գործունեության կատարման հետ կապված, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած կոտորակային փամփուշտով լիցքավորված հրազենից մեկ կրակոց է արձակել «Անելիք բանկ» ՓԲԸ իրավաբանական և խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետ Հովհաննես Աթանյանի աջ թիկունքային շրջանին, որի հետևանքով վերջինս ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Հուլիսի 1-ին քրեական գործը մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին: