Բաժիններ՝

«Կրթության ոլորտը բարեփոխումների կարիք ունի». Հովիկ Աբրահամյան

Կրթական ոլորտի բարեփոխումներն այսօր ավելի քան պահանջված են: Նման հայտարարություն այսօր ՀՀ կառավարության նիստում արեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` համապատասխան հանձնարարականներ տալով և նշելով, որ առաջնահերթություն են կրթության որակի և արդյունավետության բարձրացումը, դրանց համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, մատչելիության և հասանելիության ապահովումը բնակչության բոլոր խավերի համար:

Ըստ վարչապետի` վերանայման կարիք ունի հատկապես հանրակրթական ոլորտը.

«Պետք է ստեղծել ժամանակակից ուղղվածությամբ մատչելի, մրցունակ, միաժամանակ հայեցի և հայապահպանության բովանդակությամբ նոր կրթական ծրագրեր: Դպրոցի ղեկավարի նշանակումը՝ սկսած նրա հավաստագրումից մինչև ընտրություն, պետք է դառնա պարզ ու թափանցիկ գործընթաց»:

Հովիկ Աբրահամյանի խոսքով` վերանայման կարիք ունեն նաև դպրոցների կառավարման խորհուրդների գործունեությունը, դպրոցների ֆինանսավորման հետ կապված հարցերը.

«Լուծումներ են պահանջում նաև ավագ դպրոցների հիմնախնդիրները, բազմաթիվ կուտակված հարցեր կան մասնագիտական կրթության ոլորտում: Ուզում եմ նաև ընդգծել բուհերի ռեֆորմների անխուսափելիությունը:

Հարկ է հատուկ ուշադրություն դարձնել բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման և գործունեության առավել արդյունավետ մեխանիզմների կիրառմանը: Վերանայման ու կատարելագործման կարիք ունեն դպրոց-բուհ անցումն ապահովող կառույցների գործառույթները, նպատակահարմար է այս գործընթացը դարձնել ավելի սահուն՝ նպաստելով բարձրագույն կրթության մատչելիության բարձրացմանը և հասարակության սոցիալապես անապահով խավերի ընդգրկմանը: Կրթության և գիտության նախարարության ուշադրության կենտրոնում պետք է լինեն բուհական կրթության արդյունավետության բարձրացումը, համալսարան-աշխատաշուկա կապի սերտացումը»,-ասաց նա:

Հ. Աբրահամյանը ԿԳ նախարարին հանձնարարեց հանրակրթության հիմնախնդիրներին ու բարձրագույն մասնագիտական կրթության բարեփոխումներին նվիրված խորհրդակցություններ կազմակերպել և դրանցից ածանցվող փոփոխությունների ժամանակացուցային առաջարկություններ պատրաստել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս