Վերին Լարսում վրանային ավանները մինչ օրս գործում են. ճանապարհը բաց է, բայց անձրևները շարունակվում են և սողանքի վտանգ կա

Վերին Լարսում գտնվող հայերից մեկը՝ Գարեգին Կարապետյանը, օրերս բաց նամակ էր հղել ՌԴ ԱԻՆ ղեկավարին` Լարսում գտնվող հայերի ծանր պայմանների մասին: Նա բողոքել էր միգրացիոն ընկերության աշխատակիցների շատ բացասական վերաբերմունքից, որոնք «պահանջում են լքել երկիրը, անընդհատ բղավում են հայերի վրա ու հրահանգում, որ իրենց սենյակներից դուրս գան»: Գ.Կարապետյանը դժգոհել էր նաև տեղի ճանապարհային ոստիկանությունից, որը, ըստ նրա, «անընդհատ ճնշում է հայերին, շատերը լեզուն չգիտեն, առավել ևս՝ օրենքները, մարդկանց տուգանում են, մարդիկ էլ առանց դա էլ գումար չունեն իրենց մոտ»:

Սակայն ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Գ. Կարապետյանը խիստ չափազանցրել է, տեղի մյուս վարորդներն էլ Կարապետյանից են դժգոհել, հատկապես, որ նա ինքնակամ է հանդես եկել բոլոր հայերի անունից: Ն. Գրիգորյանը նշեց, որ օպերատիվ իրավիճակը նույնն է մնում, քանի որ սկզբում հաշվառել էին և ըստ հաշվառման սկսել բերել քաղաքացիներին. «Կառավարության մակարդակով դիմել էինք Ռուսաստանին, ՌԴ ԱԻՆ-ը տրամադրեց ինքնաթիռ, որը սկսեց մեր քաղաքացիներին տեղափոխել Երևան: Բայց քաղաքացիների թիվն անընդհատ ավելանում էր: Մենք և´ Հյուսիսային Օսիայի, և´ ՌԴ ԱԻՆ-ի, և´ ՏԻՄ-ի հետ մշտական կապի մեջ ենք, մնացողների համար 2 վրանային ավան է ստեղծվել՝ սննդով, կենցաղային պայմանների ապահովումով, և հաշվառում է իրականացվում: Տեղափոխվածների անուն-ազգանունները գրանցվում էին ըստ անձնագրերի, և բոլորի տվյալները ՀՀ ԱԻՆ կայքում տեղադրված են»:

Ըստ Ն.Գրիգորյանի՝ տեղափոխման գործընթացն ավարտվեց, բայց նոր եկողներ կային, նաև մեքենաների վարորդներն իրենց մեքենաները չէին թողնի, մնացել են էնտեղ՝ շուրջ 80 հոգի, որից 17-ը՝ կին, 11-ը՝ երեխա: Նրա խոսքով՝ վրանային ավանները մինչ օրս գործում են:

«Այժմ ճանապարհը բացվել է, մեքենաները կարող են շարժվել, բայց մարդկանց անվտանգությունից ելնելով՝ չեն թույլատրում, քանի որ այնտեղ անընդհատ տեղումներ են, և վտանգ կա, որ ամեն վայրկյան կարող է փլուզում լինել: Այսօր դեռ չեն բացել ճանապարհը»,- ասաց Ն.Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս