
«Մեր վկայականները պետք է չլինեն ինքնանպատակ». Արամ Ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հովանավորությամբ եւ նախագահությամբ Հայ համալսարանավարտների համախմբումը (ՀՀՀ) հուլիսի 1-ին «Կիլիկիա» թանգարանի սրահում կազմակերպել է 2015-2016 կրթական տարեշրջանի հայ համալսարանականների ձեռքբերումների գնահատման երեկո։ Ձեռնարկին ներկա էին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սամվել Մկրտչյանը, կազմակերպությունների եւ միությունների ներկայացուցիչներ, 2015-2016 կր թական տարեշրջանի շուրջ հիսուն համալսարանավարտներ, ծնողներ, ՀՀՀ-ի անդամներ եւ բարեկամներ:
Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից, Համախմբման վարչության ատենապետ Հակոբ Հանտյանը կատարել է գնահատանքի երեկոյի բացման խոսքը։ Նա շնորհավորել է նոր համալսարանավարտներին, նրանց հրավիրել մասնակցելու Համախմբման առաջիկա աշխատանքներին՝ նոր շունչ եւ հավելյալ աշխուժություն բերելով:
Երեկոյի ավարտին բեմ է հրավիրվել Վեհափառ Հայրապետը, որը նախ շնորհավորել է նորավարտ համալսարանականներին, կարեւորելով վկայական ստանալու երեւույթը, որ արգասիքն է տքնաջան աշխատանքի: Նա անդրադարձել է համալսարանական ուսանողների դիմագրաված դժվարություններին, սակայն թելադրել է լինել ուժեղ եւ հաղթահարող:
Նորին Սրբությունը շեշտել է, թե «Համալսարանավարտները պետք է մնան մեր գաղութի մեջ, եւ զորացնեն այն։ Տվյալները ցույց են տալիս, որ մեր գաղութը հետզհետե կպարպվի ուսանող խավից, որոնք ճամփորդում են օտար երկրներ, տնտեսական ավելի լավ պայմաններ ունենալու հույսով: Մեր հայ գործարարներն իրենց գործարաններում և արտադրությունում պետք է տեղ տան հայ համալսարանավարտին եւ ազգային գիտակցությունից մեկնելով զիջեն այն նյութական խնայողությունը, որ պիտի ապահովեին օտարին աշխատեցնելով»:
Վեհափառ Հայրապետը, նորավարտ համալսարանականներին ուղղելով իր խոսքն, ասել է.
«Վկայական ստանալը ձեր կյանքում երբե՛ք չի լինի վերջակետ, այլ՝ մեկնակետ մասնակցելու մեր միութենական եւ հասարակական գործունեության: Պետք է միշտ աշակերտ մնաք, որովհետեւ կյանքի բոլոր տեւողության մենք սովորելիք ունենք: Չի Կարելի ասել՝ ես վկայվեցի համալսարանի կողմից եւ վերջ, անելիք չունեմ: Մեր վկայականները պետք է չլինեն ինքնանպատակ, այլ պետք է արժեւորվեն մեր մասնակցությամբ՝ եկեղեցական, ազգային, մշակութային բնագավառներում տարվելիք բոլոր աշխատանք ներին»:
Հանդիսության ավարտին, յուրաքանչյուր շրջանավարտ Վեհափառ Հայրապետից ստացավ հուշանվեր։
Ձեռնարկի ընթացքին տեղի ունեցավ գեղարվեստական հայտագիր, որի ընթացքում ելույթ ունեցան Կայել Գրիգորյանը եւ Կարո Քելեշյանը: