«Այս ոլորտի զարգացումը թույլ կտա ունենալ հայաստանյան արտադրություն, որը կօգնի լուծել թե՛ պաշտպանության, թե՛ անվտանգության խնդիրները»
Ամփոփվել են հուլիսի 2-ին Արզնիի օդանավակայանում տեղի ունեցած Անօդաչու թռչող սարքերի մրցույթի արդյունքները: Մրցույթն իրականացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Ucom ընկերության կողմից:
«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթն իրականացվել է «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում: Այն նպատակ ունի զարգացնել ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում, հանրայնացնել ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրությունը, բացահայտել, խրախուսել տաղանդավոր հայ դպրոցականներին ու երիտասարդներին, ովքեր կարող են մեծ ավանդ ունենալ ՀՀ ռազմարդյունաբերության ու տեխնոլոգիական զարգացման գործում:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանի խոսքով՝ մրցույթը վերջին տարիներին անցկացվում է երկրորդ անգամ: Այն նախատեսված է եղել 2015 թվականից, սակայն ապրիլյան պատերազմից հետո որոշվել է, որ մրցույթի հիմնական ուղղությունը լինելու է ռազմարդյունաբերությունը:
«Այս առաջնության գաղափարը եղել է 2010-2011 թվականներին: Գաղափարի հիմնական նպատակը եղել է հասարակության ուշադրությունը դեպի ռոբոտաշինությունն ուղղելը: Այս ոլորտի զարգացումը թույլ կտա ունենալ հայաստանյան արտադրություն, որը կօգնի լուծել թե՛ պաշտպանության, թե՛ անվտանգության և թե՛ մյուս ոլորտների խնդիրները»,- միջոցառման բացման խոսքում նշեց Կարեն Վարդանյանը:
Մրցույթի մասնակցիների թիվը 7-ն էր՝ «Epic Dron», «iUAV», «Eagle Eye», «Sky protectors», «Արծիվ», «Սավառնակ» , «ՌոբոԷջմիածին»:
Մասնակիցները ոչ միայն կայացած ընկերություններից էին, այլև սկսնակներ: Օրինակ՝ «ՌոբոԷջմիածին» թիմը ներկայացնում էր Էջմիածնի ավագ դպրոցներից մեկը:
Էջմիածինցի աշակերտները եկել էին փորձնական ելույթ ունենալու և առանց հաղթանակի հույսի:
«Երբ իմացանք մրցույթի մասին, փորձեցինք դպրոցականներով ինչ-որ մասնակցություն ունենալ ու պատրաստեցինք փոքրիկ դրոն: Հույս չունենք, որ այս դրոնը կօգտագործվի ռազմական ոլորտում, քանի որ շատ փոքր է և հեռու չի թռչում: Սակայն հետագայում շարունակելու ենք աշխատել այդ ոլորտի համար ևս, քանի որ մեր մասնագիտությունը պետք է լինի ռոբոտաշինությունը»,- նշում է «ՌոբոԷջմիածին» թիմի ավագ Գևորգ Հովհաննիսյանը:
Անօդաչու թռչող սարքերի մրցույթի մասնակիցներին տրամադրվել էին պայմանական թիրախի կոորդինատներ: Նրանք պետք է սարքերն ուղարկեին դեպի նպատակակետ, նետեին որևէ ծանր իր ու վերադառնային: Թիրախը 5մ տրամագծով շրջան էր, որի վրա առկա էին գծեր և նշաններ: Դրանք մատնանշում էին այն կոորդինատը, որի վրա ռոբոտը պետք է գցեր պայմանական իրը:
Սակայն ոչ բոլոր թիմերը կարողացան կատարել մրցույթի կազմակերպիչների կողմից տրված պահանջները: Առաջինը «Fimetech» թիմի ԱԹՍ-ն էր որ կարողացավ ամբողջությամբ կատարել պահանջը: Հենց այս թիմն էլ դարձավ մրցույթի հաղթողը:
«Իրականում մրցույթին պատրաստվել ենք շատ կարճ ժամանակում: Հույս ունեինք, որ պետք է գրավենք առաջին տեղը, և այդպես էլ եղավ: Տեխնիկապես շատ ուժեղ թիմ ունենք, ու դրա համար էլ մեր թիմի առաջարկած լուծումը շատ տարբերվում էր մյուսներից: Հույս ունենք, որ մեր սարքը կկարողանա լուծել որոշ խնդիրներ ռազմական ոլորտում»,- նշում է «Fimetech» թիմի ներկայացուցիչ Արսեն Հակոբյանը:
«Fimetech», «ArmBGC», «TSD» թիմերը, ըստ ժյուրիի՝ կարողացան հաղթահարել տրված պահանջները և համապատասխանաբար՝ զբաղեցրին առաջին երեք մրցանակային տեղերը: Որպես մրցանակ՝ թիմերը ստացան դրամական պարգևներ՝ 600.000, 400.000 և 260.000 դրամի տեսքով:
Սիրարփի Աղաբաբյան