Զախարովա․ «Նժդեհի արձանի տեղադրումը Հայաստանի ներքին գործն է». «Ազատություն»

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ խոսնակն այսօր Երևանում կտրականապես մերժեց պնդումները, թե Մոսկվան փորձում է ղարաբաղյան գործընթացի նկատմամբ մենաշնորհ հաստատել: «Նժդեհի արձանի տեղադրումն, անշուշտ, Հայաստանի ներքին գործն է, և ես խնդրում եմ գտնել նախկինում արած իմ մեկնաբանությունն ու բառացի մեջբերել այն: Նաև խնդրում եմ՝ չղեղաթյուրել իմ հնչեցրած բառերը, որովհետև այդպիսով դուք վնաս եք հասցնում: Եվ դա, բնականաբար, այն մարդկանց օգտին է, ովքեր Հայաստանի բարեկամները չեն»:

Այսօր Երևանում, «Ազատության» հարցին ի պատասխան՝ այժմ էլ՞ այն կարծիքին եք, թե Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը «նացիզմի հերոսականացման փորձ է», և Ռուսաստանի համար «հասկանալի չէ» այդ քայլը, հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, ով երևանյան այցի ընթացքում ուղեկցում է իր ղեկավարին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Հիշեցնենք, այսօր Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը:

«Պատմության հետ կապված հարցերն իսկապես շատ բարդ են, և ամոթ նրանց, ովքեր օգտագործում են այդ հարցերն իրենց քաղաքական նպատակների համար այնպես, ինչպես շատերն արեցին՝ խեղաթյուրելով իմ մեկնաբանությունները»,- հարցի առնչությամբ նաև ասաց Զախարովան, շարունակելով՝

«Մի՞թե Հայաստանն այժմ չունի ավելի հրատապ խնդիր: Ես կարծում եմ, որ հիմա Հայաստանի ու հայ ժողովրդի համար կա շատ ավելի հրատապ մի խնդիր՝ դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Հենց դրա համար են այսօր, նաև ՀԱՊԿ շրջանակներում, հանդիպումներ տեղի ունենում: Հենց դրա համար ենք մենք հսկայական ջանքեր գործադրում՝ որպեսզի այդ կարգավորումն առաջ ընթանա:

Կարդացեք նաև

Մենք Հայաստանի հետ համագործակցում ենք, այդ թվում՝ միջազգային տարբեր հարթակներում, որպեսզի բացառենք նացիզմի հերոսականացման ցանկացած հնարավորություն: Այդ առումով՝ մենք զգում ենք մեր հայ գործընկերների շատ հուսալի թիկունքը: Այստեղ երկակի ստանդարտների մասին խոսք լինել չի կարող»:

Պատասխանելով ԼՂ խնդրին վերաբերող հարցերին, Զախարովան կտրականապես մերժեց պնդումները, թե Սանկտ Պետերբուրգի հանդիպմամբ, Ռուսաստանը փորձ էր անում մենաշնորհ հաստատել կարգավորման գործընթացի նկատմամբ: «Ես մինչ այդ հանդիպումը, նաև դրանից հետո իմ ճեպազրույցների ժամանակ, ասել եմ՝ մտահոգություններ կային, թե Ռուսաստանն իբր իր մենաշնորհն է հաստատում գործընթացի նկատմամբ, չի ցանկանում տեղեկություններ տրամադրել և այլն: Սակայն, սանկտպետերբուրգյան հանդիպման ընթացքում և դրանից հետո բոլորը համոզվեցին՝ միջնորդներն անհրաժեշտ կերպով տեղեկացված են եղել և իրենց գործընթացից դուրս չեն զգացել: Հենց կողմերը ու նաև դիտորդներն են բարձր գնահատել այդ հանդիպման արդյունավետությունը:

Մենք հրաշալի հասկանում ենք Մինսկի խմբի ձևաչափի նշանակությունը և հարգանքով ենք վերաբերվում դրան: Իսկ Սանկտ Պետերբուրգի հանդիպումն իր մեջ ինչ-որ նորարարություն չէր պարունակում, այն ընդամենը կողմերի շփման ձևերից մեկն է: Դուք հրաշալի գիտեք, որ նման հանդիպումներ նաև նախկինում են եղել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս