«Դա լավագույն քննարկումն էր, որին ականատես եմ եղել երկար տարիների ընթացքում». ԵՄ դեսպանը՝ Հակակոռուպցիոն խորհրդի նիստի մասին
Հայաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շատ գոհ է Հակակոռուպցիոն խորհրդի աշխատանքներից և բավական դրական ակնկալիքներ ունի կառավարության գործունեությունից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԵՄ դեսպանը նշեց, որ շատ դրական նշաններ է նկատել կառավարության գործունեության մեջ:
«Ես մասնակցել եմ Հակակոռուպցիոն խորհրդի նիստին, և դա լավագույն քննարկումն էր, որին ականատես եմ եղել երկար տարիների ընթացքում, և ոչ միայն՝ Հայաստանում»,- ասաց Պ.Սվիտալսկին` նշելով, որ կոնկրետ որոշումներ են կայացվել, քաջալերող նշաններ կան, որ հուշում են, որ պետք է մի փոքր համբերատար լինել ֆինանսական որոշումների մեջ, թե ԵՄ-ն որքան գումար կարող է հատկացնել Հայաստանին: ԵՄ դեսպանի խոսքով, եթե կառավարության գործողությունները հանգեցնեն տեսանելի արդյունքների, ԵՄ-ն ավելի մեծ գումար պատրաստ կլինի փոխանցել Հայաստանին:
«Կան նաև չօգտագործված հնարավորություններ»,- ասաց Պ.Սվիտալսկին` կոչ անելով լավատեսությամբ սպասել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներին:
ԵՄ դեսպանը նաև նշեց, որ ծանոթ է «քամուն տրվող փողեր» արտահայտությանը, նկատելով, որ ցանկացած զարգացման աջակցությունը տվյալ երկրում իրավիճակը փոփոխող հիմնական լծակը չէ: Ըստ նրա` մեծ փորձ ունենալով Բալկանյան, Աֆրիկյան երկրներում, շատ լուրջ հետազոտություններ կան, որոնք անդրադառնում են զարգացման աջակցության արդյունավետությանը: Պ.Սվիտալսկիի կարծիքով` բոլոր դեպքերում զարգացմանը ցուցաբերվող աջակցությունը տարբեր կարող է լինել և կախված է տեղի կառավարումից:
Ըստ նրա` այս տարի ռեկորդային տարի է, ԵՄ-ն մոտ 90 մլն եվրո է ծախսում, որը կրկնակի ավելի է, քան նախորդ տարիներին: Պ.Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ն քննարկում է աջակցության զարգացման ապագան, ՀՀ կառավարության հետ լուրջ երկխոսություն են սկսել, և ինքը հույս ունի, որ մինչև գործընթացի ավարտը շատ լավ ծրագիր կունենան հաջորդ տարիների համար. «Ես հնարավորություններ եմ տեսնում մեր զարգացման աջակցությունը Հայաստանին էլ ավելի ընդլայնելու համար: Այս գործընթացը մեծ չափով կախված է, թե ինչքանով արդյունավետ է մեր համագործակցությունը մինչ օրս, և որքան արագ կլինի ՀՀ առաջընթացը եվրոպական արժեքների ուղղությամբ»: