«Զիդանը միշտ իմ կուռքն է եղել». Հենրիխ Մխիթարյան
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին: Նա բարձր է գնահատել Թոմաս Տուխելի ազդեցությունն իր կարիերայի վրա և նշել, որ գերմանացի մասնագետը հիանալի մարզիչ է: Հայ ֆուտբոլիստը հայտնել է, որ ցանկացած բանի հասնելու համար անհրաժեշտ է մեծ ցանկություն և կենտրոնացում: Հենրիխ Մխիթարյանը մեծ ցանկություն է հայտնել հետագայում աշխատել Զինեդին Զիդանի գլխավորությամբ:
«Չեմ խոսում իսպաներեն, սակայն կցանկանայի սովորել: Իսպանիայի առաջնությունն աշխարհի ուժեղագույներից է, որտեղ տեխնիկապես բարձր մակարդակի ֆուտբոլ են խաղում: Հնարավոր է՝ մի օր հանդես գամ Իսպանիայում: Զիդանը միշտ իմ կուռքն է եղել: Կարծում եմ` նրանից կարելի է շատ բան սովորել: Ինչո՞ւ չաշխատեմ նրա հետ, եթե այդպիսի հնարավորություն ստանամ»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Նա գոհութնակություն է հայտնել, որ ֆուտբոլիստներն իրեն Գերմանիայում լավագույնս ճանաչեցին:
Հայ ֆուտբոլիստը խոսել է նաև բարեգործության մասին. «Սա հնարավորություն է տալիս հասարակությանը վերադարձնել ամբողջ սերը ու հավատարմությունը, որը ստանում եմ: Ինձ լավ եմ զգում, երբ կարողանում եմ ժպիտ պարգեւել: Օրինակ, Արցախը տասնամյակների ընթացքում շատ է տուժել, և հպարտանում եմ այնտեղ անցկացվող բարեգործական միջոցառումներով: Ցանկանում եմ, որ խաղաղություն լինի ամբողջ աշխարհում»: