Բաժիններ՝

10 խորհուրդ ինքնուրույն ծրագրավորում սովորողների համար

Եթե ինքնուրույն ծրագրավորում եք սովորում և ամեն կերպ փորձում եք մոտիվացնել ձեզ, ապա առաջարկում ենք ծանոթանալ learntocodewith.me-ի բլոգեր Լոուրեն Բրեդֆորդի (Laurence Bradford) խորհուրդներին, որոնք ուղված են սկսնակ ծրագրավորողներին:

1. Սովորելու համար գտեք ճիշտ մոտիվացիա:

«Ինչո՞ւ եմ ծրագրավորում սովորում» հարցի հստակ պատասխանը կօգնի Ձեզ կենտրոնանալ: Անպայման ընդգծեք Ձեզ համար կոնկրետ նպատակ:

«Ուզում եմ կարողանալ»-ը և «լավ կլիներ սովորելը»-ը վատ նպատակներ են:

Կարդացեք նաև

Լավ նպատակի օրինակներ են՝

  1. Առաջընթաց գրանցել կարիերայում:
  2. Փոխել զբաղմունքների շրջանակը:
  3. Սեփական ծրագրերի շնորհիվ շատ գումար աշխատել:
  4. Զարգացնել սեփական նախագիծը, հիմնել ստարտափ:

Հիշեք, որ վերջնական նպատակը կօգնի դժվարությունների պահին:

Նպատակի մասին անընդհատ հիշելու համար գրեք այն երևացող տեղում, դրեք հեռախոսի կամ համակարգչի էկրանին:

2. Ընտրեք ճիշտ լեզու

Ծրագրավորում սովորելիս միշտ կանգնում ենք ծրագրավորման լեզու ընտրելու խնդրի առջև: Պետք չէ երկար ժամանակ վատնել իդեալական լեզու փնտրելու համար: Սկսենք ծրագրավորման այն լեզվից, որը տվյալ պահին ձեզ ավելի է դուր գալիս, կամ ավելի հիմնային է: Ծրագրավորման մեկ լեզվից մյուսը անցնելը բավականին հեշտ է, այնպես որ, հետագայում կարող եք փոխել ձեր որոշումը:

3. Կազմեք օրակարգ

Պարապմունքների և կատարվող աշխատանքի մասին արված գրառումները կօգնեն համակարգված աշխատել: Կազմեք գործողությունների օրակարգ և հետևեք դրանց:

4. Կենտրոնացեք մեկ գործի վրա

Շատերը մտածում են, որ կարող են անել մի քանի գործ միանգամից: Դա ամենամեծ սխալն է: Մի ուսումնասիրեք միանգամից HTML, JavaScript, Swift, հակառակ դեպքում գուցե խելագարության հասնեք:

5. Առաջ գնացեք փոքր քայլերով

Ծրագրավորման լեզուն շատ բարդ է, այնպես որ, աշխատեք առաջ գնալ փոքր քայլերով: Բաժանեք նյութը մի քանի կոնկրետ մասերի: Ուսումնասիրեք մի մասը, և միայն ամբողջությամբ հասկանալուց հետո անցեք մյուսին:

6. Փոխեք միջոցները

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որքան շատ են լինում ինֆորմացիան ստանալու միջոցները, այնքան լավ եք տիրապետում դրան: Այդ իսկ պատճառով Լոուրեն Բրեդֆորդը խորհուրդ է տալիս չկենտրոնանալ սովորելու միայն մեկ միջոցի վրա:

7. Սովորեցրեք ուրիշներին

Սովորած նյութն ուրիշին բացատրելու ընթացքում դուք զգում եք բոլոր բացթողումները: Այդ իսկ պատճառով, երբ որոշում եք ամփոփել ուսումնասիրության մեկ հատվածը, սկսեք բացատրել այն մեկ ուրիշին: Կարող եք անգամ նկարահանել ուսուցողական հոլովակներ և տեղադրել YouTube-ում:

8. Գտեք համախոհի

Գտեք մեկին, ով նույնպես ցանկանում է սովորել ծրագրավորման լեզուն: Միասին աշխատանքի ընթացքը քննարկելը և նախապատրաստելն ավելի հաճելի կդարձնի սովորելու գործընթացը:

9. Գտեք խորհրդատուի

Գտեք մեկին, ով պրոֆեսիոնալ է ոլորտում, և նրանից խորհրդատվություն հարցրեք: Անձամբ հանդիպելն այստեղ անհրաժեշտություն չէ: Կարող եք գտնել ձեր խորհրդատուին համացանցային ֆորումներում կամ մասնագիտական խմբերում:

10. Սովորելու գործընթացում խաղային էլեմենտներ ավելացրեք

Ձեզ համար մտածեք կանոններ և այդ կանոնները խախտելու դեպքում գործող պատիժներ: Այս միջոցով կդառնաք ավելի պատասխանատու և կենտրոնացած: Մտածեք նաև խրախուսական պարգևներ: Օրինակ, գիրքը կարդալուց և սովորելուց հետո գնեք ձեզ համար այն իրը, որը երկար ժամանակ ցանկացել եք:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս