Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է անցկացրել
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերությունների, ինչպես նաև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցել ու համապատասխան զեկույցներով հանդես են եկել փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ԵՄ-ի հետ օրակարգային հարցերը ու ոլորտային տարբեր ուղղություններով արձանագրված առաջընթացը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ու կարևորել է բանակցային գործընթացի արդյունավետ անցկացումը, ինչն ամուր հիմքեր կստեղծի տարբեր ուղղություններով ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման համար: