ԵՄ-ում Ռուսաստանը որակել են «ռազմավարական խնդիր»
Միջնաժամկետ հեռանկարում ԵՄ-ի արտաքին քաղաքական ռազմավարության նախագծում, որը մշակվել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի գերատեսչության կողմից, Ռուսաստանի հետ Եվրամիության հարաբերությունները որակվել են որպես «ռազմավարական խնդիր»: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովին մոտ կանգնած EurActiv ինտերնետ-ռեսուրսը:
«Ռուսաստանը, որքան ես հիշում եմ, նշվելու Է որպես «ռազմավարական խնդիր»: Ոչ գործընկեր, ոչ էլ թշնամի, այլ ռազմավարական խնդիր, ինչը, ինչպես ես եմ կարծում, շատ լավ դիվանագիտական ձեւակերպում է»,- ԶԼՄ-ները մեջբերում են եվրոպացի դիվանագետի խոսքը: Նա հայտնել է նաեւ, որ փաստաթղթի նախագծում միջազգային ասպարեզում ՌԴ-ի հետ ԵՄ-ի փոխգործակցությունը սահմանված է որպես «սահմանափակ համագործակցություն»:
Դրա հետ մեկտեղ դիվանագետը խոստովանել է, որ ԵՄ-ի մի շարք երկրներ այս ձեւակերպումներն անհարկի կոշտ են համարում եւ կցանկանային մեղմացնել դրանք: Ընդհակառակը, ԵՄ-ի այլ անդամներ «պնդում էին, որ Ռուսաստանը պետք է ագրեսոր երկիր հայտարարվի Ուկրաինայի նկատմամբ»:
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի դիվանագիտական աղբյուրը Բրյուսելում հայտնել է, որ ԵՄ-ի 28 անդամ երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները հունիսի 28-29-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն եւ, ինչպես սպասվում է, հավանություն կտան միջնաժամկետ հեռանկարում ԵՄ-ի արտաքին քաղաքական ռազմավարությանը եւ, մասնավորապես, կորոշեն Եվրոպայի «ռազմավարական գործընկերներին»: