Դեռ չի հստակեցվում Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Սերժ Սարգսյանի մասնակցության հարցը

Հուլիսի 8-9-ին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության հարցը դեռ չի հստակեցվում: 168.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանն անդրադառնալով այն հարցին, թե մասնակցելո՞ւ է արդյոք ՀՀ նախագահը գագաթաժողովին, ասաց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցերի մասին նախապես տեղեկացնում են: Նա ակնարկեց, որ այդ մասին դեռ շատ վաղ է խոսել:

Տեղեկացնենք, որ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ասել էր, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը բեկումնային է լինելու: Ըստ նրա`պետք է ամրապնդեն ՆԱՏՕ-ի ներկայությունը Եվրոպայի արևելյան մասում, դա կլինի բազմազգ ներկայություն: Այդպիսով, նրա որակմամբ, իրենք հստակ ազդանշան կտան, որ մի երկրի վրա հարձակումը կդիտվի գրոհ ամբողջ ՆԱՏՕ-ի դեմ:

Հիշեցնենք, որ 2014թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել էր Նյուպորտում կայացած ՆԱՏՕ-ի անդամ և Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվել էր Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում: Ավելին, այնտեղ Սերժ Սարգսյանը ելույթով էր հանդես եկել: Սակայն Նյուպորտի գագաթաժողովը Հայաստանի համար հիշվեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջամտությամբ կազմակերպված Սարգսյան-Ալիև հանդիպմամբ, դրանով իսկ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ամերիկյան համանախագահության ակտիվության նոր փուլի մեկնարկով:

Նշենք նաև, որ 2012-ին Չիկագոյում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Հայաստանը մասնակցել էր արտաքին գործերի նախարարի մակարդակով: Այդ ժամանակ Հայաստանի նախագահը չէր մասնակցել գագաթաժողովին, ըստ որոշ տեղեկությունների՝ գագաթաժողովի հռչակագրի նախագծում ներառված մտահոգիչ ձևակերպումների պատճառով։

 

Տեսանյութեր

Լրահոս