Բաժիններ՝

«Անմեղության կանխավարկածն ինձ թույլ չի տալիս ասել` տապալվելու է, բայց առայժմ մեծ ոգևորություն չեմ ապրում»

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ 2003թ. մինչ օրս կոռուպցիայի առումով տեղաշարժ չկա, լճացման վիճակ է: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ անկախ նրանից, թե ինչ հայտարարություններ են արվել և արվում, որևէ փոփոխություն չի գրանցվել. «Կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդներից Հայաստանում ընտրվեց հակակոռուպցիոն ռազմավարությունը։ Առաջին ռազմավարությունն ընդունվեց 2003թ.: Ամեն ռազմավարություն ունի իր միջոցառումների ծրագիրը։ Ներկայումս գործում է երրորդ ռազմավարությունը, որը կավարտվի 2018թ. դեկտեմբերի 31-ին: Ցանկացած ռազմավարություն իրականացնելու համար ստեղծվում է համապատասխան ինստիտուցիոնալ կառույց. մեզ մոտ 2004թ. ստեղծվեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը միջազգային չափանիշներով համարվում է առավել թույլ տարբերակը: Թեև կան երկրներ, օրինակ՝ Գերմանիան, որտեղ ընդհանրապես որևէ կառույց չկա ու վիճակն էլ վատ չէ»:

Հետևաբար, ըստ նրա՝ Հայաստանի նման երկրներում նման կառույցի անհրաժեշտությունը կա. «Միայն այդ գործով զբաղվող ու հաստիքային կառույց Հայաստանում դեռևս չի ստեղծվել: Անցած տարվա փետրվարի որոշմամբ մեզ մոտ կառույցի կառուցվածքը փոխվեց, բայց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի վերաբերյալ շատ լուրջ կասկածներ ունեմ։ Անմեղության կանխավարկածն ինձ թույլ չի տալիս ասել` տապալվելու է, բայց առայժմ մեծ ոգևորություն չեմ ապրում»:

Նրա խոսքով՝ կոռուպցիայի հիմնական պատճառները երեքն են՝ տնտեսական ու քաղաքական կյանքի մոնոպոլիզացիա, քաղաքական-տնտեսական վերնախավի սերտաճում և իշխանության երեք ճյուղերի միջև անհավասարակշռություն. «Երեք տարի առաջվա տվյալներով՝ ամենակոռումպացված ոլորտներից են դատական համակարգը, պետական ծառայողներն ու առողջապահությունը: 2016թ. հունիսին կունենանք նոր տվյալները»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս