Թուրքիայի մեջլիսը սպառնում է Բունդեսթագին
Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումից առաջ թուրքական կողմը շարունակում է քայլեր ձեռնարկել` բանաձևի ընդունումը կանխելու նպատակով: Թուրքական T24 լրատվականի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Բունդեսթագում քննարկվելիք բանաձևը դատապարտող հայտարարություն է հրապարակել, որը ստորագրել են իշխող «Արդարություն և զարգացում», ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունները: Ուշագրավ է, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն այդ հայտարարության տակ չի ստորագրել:
Կուսակցությունների հայտարարության մեջ նշվում է, որ իրենք խստորեն դատապարտում ու մերժում են «1915 թվականի դեպքերի մասին պատմական իրողությունները խեղաթյուրող բանաձևը»:
Նրանք սպառնացել են, որ նման բանաձևի ընդունումը «կվնասի թուրք-գերմանական եղբայրական և դաշնակցական հարաբերություններին»: