Միջազգային ոչ մի հակամարտություն չի կարող լուծվել առանց Ռուսաստանի մասնակցության. Շտայնմայեր
Մինսկի համաձայնությունների իրագործման ճանապարհին առաջընթացի դեպքում հարկ է մտածել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների՝ փուլ առ փուլ հանելու մասին, ընդսմին ոչ ոք շահագրգռված չէ Մոսկվային «ծնկի բերելու» հարցում:
Այս հայտարարությունը մայիսի 30-ին արել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը՝ ելույթ ունենալով Բեռլինում կայացած գերմանա-ռուսական համաժողովում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Գերմանիան, ինչպես կարծում է Շտայնմայերը, պետք է ամեն ինչ անի Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու եւ նրա հետ երկխոսությունը կարգավորելու համար՝ միեւնույն ժամանակ շարունակելով պաշտպանել իր դիրքերը: Դրա հետ մեկտեղ նախարարը նշել է, որ ոչ ոք շահագրգռված չէ Ռուսաստանի տնտեսական թուլացմամբ: «Պատժամիջոցներն ինքնանպատակ չեն, դրանք գործընկերոջը ծնկի
բերելու միջոց չեն»,- ասել է նա:
ԳՖՀ-ի ԱԳ նախարարը նաեւ կարծիք է հայտնել, որ միջազգային ոչ մի հակամարտություն չի կարող լուծվել առանց Ռուսաստանի մասնակցության: