Որ քաղաքներում կարելի է ինքնուրույն զբոսաշրջել. ցուցակ
Հյուրանոցների եւ ավիատոմսերի ամրագրման Orbitz ծառայությունը կազմել է ինքնուրույն զբոսաշրջիկների համար աշխարհի լավագույն քաղաքների վարկանիշը: 12 բնակավայրերից բաղկացած ցուցակը գլխավորել է Դուբլինը, հաղորդում է TurboNews պորտալը:
Իռլանդացիները հռչակված են իրենց ընկերասիրությամբ, Դուբլինը՝ իր փաբերով: Ուստի այստեղ ժամանող զբոսաշրջիկն զբաղվելու բան կունենա, եւ նա արագորեն նոր բարեկամներ կգտնի իր համար, նշվում է կայքում:
Վարկանիշի երկրորդ տեղում Բանգկոկն է: Թաիլանդական այս քաղաքն անկախ ճանապարհորդներին հրապուրում է Կաոսան (Khao San Road) փողոցով, որը հայտնի է բազմաթիվ գրախանութներով, տատու-սրահներով, տարատեսակ ապրանքներով լի վաճառասեղաններով:
Եռյակը եզրափակում է նորզելանդական Քուինսթաուն առողջարանը, որն անվանում են այս երկրի «արկածների մայրաքաղաք»: Քաղաքում բոլոր հնարավորությունները կան բանջա-ջամպինգի, հետիոտն զբոսաշրջության, ակտիվության այլ ձեւերի համար, որոնք գրավում են անկախ զբոսաշրջիկներին:
Չորրորդ տեղն զբաղեցրած Նյու Յորքը (ԱՄՆ) զբոսաշրջիկներին նույնպես չի ստիպի ձանձրանալ. քաղաքում կան համաշխարհային կարգի թանգարաններ (օրինակ՝ Մետրոպոլիտեն-թանգարանը), թատրոններ («Բրոդվեյ»-ը) եւ նշանավոր այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսին Թայմս-զբոսապուրակն է:
Բալիի Ուբուդ ոչ մեծ քաղաքը եզրափակում է վարկանիշի հնգյակը: Այն գրավում է յոգայով, մեդիտացիայով եւ սպա-ընթացակարգերով հետաքրքրվող զբոսաշրջիկներին: Մարտ-ապրիլ ամիսներին անցկացվող Bali Spirit ամենամյա փառատոնը, որը նվիրված է յոգային, պարերին ու երաժշտությանը, Ուբուդ ինքնուրույն զբոսաշրջիկների է բերում ամբողջ աշխարհից:
Վարկանիշի տասնյակում նաեւ տեղ են գտել Իսլանդիայի Ռեյկյավիկ մայրաքաղաքը (վեցերորդ հորիզոնական), որը հռչակված է իր թանգարաններով ու բնությամբ, Փարիզը, Հոնկոնգը, Անտիգուա-Գվատեմալա քաղաք-թանգարանը, որը հայտնի է սուրճի մշակույթով եւ իսպանական դպրոցներով: Քաղաքների թոփ-10-ը եզրափակում է ավստրիական Վիեննան: Ցուցակի 11-րդ տեղում կանադական Վանկուվերն է, իսկ վարկանիշը եզրափակում է Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեն: