«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի, առանց Վրաստանի շահերը վնասելու, նորմալացնենք հարաբերությունները Ռուսաստանի հետ»
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին բաց նամակ է գրել, որում պնդում է, թե երկրի իշխանությունները հնարավոր ամեն բան անում են Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար:
Վրաց-ռուսական հարաբերություններն սկսել են աստիճանաբար կարգավորվել 2012 թվականին Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Այն ժամանակվանից ռուսական շուկայում կրկին վրացական արտադրանք է հայտնվել: Այսօր Ռուսաստանը Վրաստանի առաջատար առեւտրական գործընկերներից մեկն է:
«Արեւմտամետ քաղաքականությունը չի նշանակում, որ մենք հարգանքով չենք վերաբերվելու մեր հարեւաններին եւ հաշվի չենք առնելու նրանց շահերը: Ընդհակառակը, մեր ռազմավարությունը բարեկամական հարաբերությունների հաստատում է նախատեսում հարեւան եւ ոչ միայն հարեւան երկրների հետ»,- գրված է Իվանիշվիլիի բաց նամակում:
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի, առանց Վրաստանի շահերը վնասելու, նորմալացնենք հարաբերությունները Ռուսաստանի հետ: Բացի այդ, մենք կխորացնենք կապերը կարեւոր գործընկերների ու բարեկամների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի հետ»,- գրում է նա:
Դրա հետ մեկտեղ նախկին վարչապետը նշել Է, որ Վրաստանի համար արտաքին քաղաքականությունը եւ կողմնորոշիչը միանշանակ եվրատլանտյան ուղղությունն է:
«Մենք պետք է լավ հասկանանք, որ Եվրամիությանը Վրաստանի անդամակցությունը մոտակա օրակարգի հարց չէ: Նաեւ մեզ հարկ կլինի որոշակի ժամանակ սպասել, մինչեւ ՆԱՏՕ-ի անդամ դառնանք, քանի որ դա բարդ աշխարհաքաղաքական գործընթացի բաղադրիչն է, եւ դա կախված չԷ միայն մեր ցանկությունից ու պատրաստվածությունից»,- Sputnik-ի փոխանցմամբ՝ ասված է նամակում: