Տրանսպորտի և կապի փոխնախարարը՝ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի շինարարության մասին
ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի Վարդենիկ համայնքի հատվածի շինարարությունը նախատեսվում է սկսել հունիսին:
Նրա խոսքով՝ նախարարությունը դեռևս անցյալ տարվանից ծրագրված գնում է այդ հատվածի վերանորոգմանը. «Համաշխարհային բանկի ծրագրով ճանապարհի այդ հատվածը կսկսենք այս տարվա ընթացքում: Մրցույթը մայիսի 20-ին տեղի է ունեցել, կարծում եմ` երկու շաբաթ կտևի պայմանագրի կնքումը, հունիսի ընթացքում կսկսվեն աշխատանքները»,- նշեց փոխնախարարը:
Խոսելով այն մասին, որ ճանապարհը 20 տարուց ավելի գտնվում է անմխիթար վիճակում, Ա. Առաքելյանն ասաց, որ իրենք երթևեկում են բոլոր ճանապարհերով, ունեն մասնագիտական ցուցանիշները, գիտեն՝ ինչպիսին է իրավիճակը.
«Սակայն ունենք առաջնահերթություններ, և ֆինանսական միջոցների առկայության դեպքում նախարարության ու կառավարության կողմից իրականացվում են հատկացումներ ճանապարհաշինական աշխատանքների համար: Մենք, իհարկե, կուզենանք ավելի լավ ճանապարհներ ունենալ»: