
Ճապոնացի ծնողները 7-ամյա որդուն անտառում են թողել՝ որպես պատիժ

Ճապոնիայում փոքրիկ տղայի ծնողները խոստովանել են, որ իրենց որդին չի մոլորվել լեռնային անտառում, ինչի մասին իրենք հայտարարել էին ավելի վաղ, այլ իրենք են միտումնավոր նրան թողել այնտեղ, տեղեկացնում է The Japan Times-ը: Երեխան դեռեւս չի գտնվել:
Տղան կորել է երկու օր առաջ Հոկայդո կղզու Նանաե ավանից ոչ հեռու գտնվող անտառում, նրա որոնումներում գործի է դրված 150 մարդ:
Նրա ծնողները նախ հայտարարել էին, թե ամբողջ ընտանիքով գնացել էին վայրի բույսեր հավաքելու, եւ որդին կորել է: Բայց հետո հայրը ոստիկանությանը խոստովանել է, որ արդեն ետդարձի ճանապարհին երեխային մենակ է թողել լեռներում՝ պատժելով այն բանի համար, որ նա քարեր էր նետում ավտոմեքենաների վրա: Ծնողները որդուց հեռացել են մոտ 500 մետր, իսկ հետո եկել են նրա հետեւից, բայց նա արդեն տեղում չի եղել:
Հայրը խոստովանել է, որ չի համարձակել ճշմարտությունը պատմել, երբ երեխայի կորելու մասին հայտարարությամբ դիմել է ոստիկանությանը: Ներկայում այստեղ քննարկում են ծնողների նկատմամբ գործ հարուցելու հնարավորությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: