
Եգիպտական կործանված օդանավի ինքնագրիչները ծովի հատակից դուրս կբերեն 10 օրից ոչ շուտ. Monde

EgyptAir ավիաընկերության A320 կործանված ինքնաթիռի սեւ արկղերը ծովի հատակից դուրս բերելը հնարավոր կդառնա 10 օրից ոչ շուտ. ֆրանսիական Deep Ocean Search (DOS) ընկերության նավը, որն իրականացնելու է որոնումները, արդեն հասել Է օդանավի կործանման ենթադրյալ վայր, տեղեկացնում Monde թերթը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսը եւ Ֆրանսիան համաձայնություն են կնքվել երկու ընկերությունների հետ, որոնք մասնագիտացած են խորջրյա որոնումների բնագավառում: Խոսքը Alseamar եւ DOS ընկերությունների մասին է: Ծավալված որոնողական գործողություններում նաեւ գործի են դրվել Եգիպտոսի, Հունաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ու ռազմածովային ուժերը:
«Alseamar եւ DOS ընկերությունները լրացնող դեր են խաղում: Նախ՝ հարկավոր է, որ նրանք հայտնաբերեն սեւ արկղերի ազդանշանները եւ հետո իջնեն ջրի հատակ եւ բարձրացնեն ինքնագրիչները»,- գրում է թերթը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած իր աղբյուրին:
Նույն այդ աղբյուրը նշել է, որ DOS նավը մայիսի 28-ին դուրս է եկել Իռլանդական ծովից եւ ուղղություն վերցրել ինքնաթիռի կործանման ենթադրյալ գոտի: «Այն պետք է տեղ հասնի դուրս գալուց 12 օր հետո»,- ասել է զրուցակիցը՝ հավելելով, որ նավը պետք է եգիպտացի եւ ֆրանսիացի քննիչների վերցնի Ալեքսանդրիայից:
Միաժամանակ կործանման ենթադրյալ վայր է ուղեւորվում Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Laplace նավը, որի վրա գտնվում են DETECTOR-6000 ընդջրյա երեք համակարգեր, որոնք մշակվել են ֆրանսիական Alseamar ընկերության կողմից, որը մասնագիտանում է խորջրյա գործողությունների բնագավառում: Այս սարքավորումը ինքնաթիռի ինքնագրիչներից ելնող ազդանշանը կարող է գրանցել մինչեւ հինգ կիլոմետր տարածության վրա: Մասնագետների գնահատումներով՝ որոնման գոտու խորությունը կազմում է շուրջ երեք կիլոմետր:
Սեւ արկղերը, որոնք գտնվում են ինքնաթիռում, ազդանշան են հաղորդում, ինչի շնորհիվ կարելի է որոշել դրանց գտնվելու վայրը: Ազդանշանի հաղորդումը դադարում է կործանման պահից 30 օր հետո, գրում է ՌԻԱ Նովոստին: