
«Ռեալն» առաջարկություն է պատրաստում Ռոբերտ Լևանդովսկու վերաբերյալ

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է մի կլորիկ գումար ծախսել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ պայմանագիր կնքելու համար:
Չեմպիոնների լիգայի նորընծա հաղթողը պատրաստում է հերթական տրանսֆերային ռումբը: Այս անգամ «Թագավորական ակումբի» հետաքրքրությունների շրջանակում է հայտնվել Լեհաստանի հավաքականի և մյունխենյան «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:
Չնայած այն բանին, որ ըստ «Բավարիայի» հետ պայմանագրի, լեհը դեռ 3 տարի պետք է պաշտպանի ակումբի գույները, մյունխենցիները և խաղացողը բանակցություններ են վարել գործող համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ, որոնք ավարտվել են անհաջողությամբ:
Այս փաստը միայն հաստատում է Լևանդովսկու հեռանալու հնարավորությունը: Լեհն ինքը չի բացառում իրադարձությունների նման զարգացումը, ընդ որում, Լևանդովսկին հայտարարել է այն մասին, որ իրեն հետաքրքրում են նոր մարտահրավերները:
Անցած մրցաշրջանում Լևանդովսկին անցկացրել է 49 հանդիպում և դարձել է 44 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը